կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, չեն վճարվի. Գնել Սանոսյանը՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինաշխատանքների մասին

Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, չեն վճարվի. Գնել Սանոսյանը՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինաշխատանքների մասին

Կառավարությունն ընդունել է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշում: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստի ընթացքում նշել է, որ որոշմամբ առաջարկվում է ՀՀ համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2020-2021թթ. իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքում 40 ծրագրի համար հատկացնել 885 մլն 178 հազար դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այդ աշխատանքների որակի վերահսկողության առումով ի՞նչ գործառույթներ են իրականացվում.

«Որքանո՞վ ենք համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով ենք իրականացվում»:

Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է, որ  նախարարության համապատասխան աշխատակիցներն այցեր են կատարում շինհրապարակներ։ «Ցավոք, կան բավական դեպքեր, երբ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, ապա չեն վճարվի։ Կան դեպքեր, երբ ներկած խողովակը փորձում են ներկայացնել որպես նոր: Մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ կան գործեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ է ընդունել:

Գնել Սանոսյանը հայտնել է նաև, որ եթե շինարարները սահմանված ժամկետում թերությունները չեն շտկում, ապա՝ նախ տուգանվում են ըստ օրերի քանակի, իսկ ընդհանրապես չշտկելու դեպքում՝ չեն վճարվում։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև մարզպետարանների կողմից իրականացվող վերահսկողությունը:

  • Կիսվել: