ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, որի արդյունքում պարզվի, որ այն միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի ինչ-որ մի չափը. Ավանեսյան

Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, որի արդյունքում պարզվի, որ այն միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի ինչ-որ մի չափը. Ավանեսյան

 Ապահովագրական փաթեթը ներառելու է սքրինինգային ծրագրերը, կանխարգելիչ միջոցառումները, տարեկան պարտադիր հետազոտությունները, այս ամբողջ ծավալը մտնելու է փաթեթի մեջ: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դրանք ներառելու են վիրահատական միջոցառումներ, օրինակ՝ այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատությունների խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է և եթե պետական պատվերի շահառու չես հանդիսանում, 2-3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատություններն ուղղակի անհասանելի են դառնում: Այս թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են  լինելու ապահովագրական փաթեթի շրջանակներում», ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով աշխատող և չաշխատող քաղաքացիների դեպքում ապահովագրավճարի մասին հարցին՝ նախարարն ասաց. «Ապահովագրական վճարը կապված չի լինելու եկամտի չափի հետ, այլ լինելու է հաստատագրված վճար, այսինքն տարեկան ինչ-որ մի արժեք, որը բաժանվելու է ամսեկան վճարների վրա և քաղաքացին պետք է դրա համար վճարի: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարներն արդեն կգանձվեն նրանց հարկային գործակալի, այսինքն գործատուի կողմից:

Կշարունակի այն համակարգը գործել, երբ գործատուն ինքն է ցանկանում աշխատողի համար վճարել ապահովագրավճարը, դա ևս լրիվ հնարավոր կլինի իրականացնել այս համակարգի շրջանակներում: Այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն և շահառու չեն հանդիսանում, այսինքն հաշմանդամ չեն և փարոսի 28 բալից ավել չունեն, այսինքն այն խումբը չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, այդ քաղաքացիները իրենք պետք է ամսեկան վճարեն իրենց ապահովագրական վճարի չափը: Եթե քաղաքացին հայտարարգրի իր եկամուտները և հայտարարագրման արդյունքում պարզվի, որ իր եկամուտները միջին աշխատավարձից ցածր են, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի ինչ-որ մի չափը»:

  • Կիսվել: