Ես ցանկանում եմ, թե ոչ՝ Էական չէ. շրջակա միջավայրի նախարարը՝ Ամուլսարի մասին
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով նրանց այն հարցին, թե Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են «Էլարդի» տվյալները, նաեւ հարցումներ են ուղարկել մի շարք պետական մարմինների, օրինակ՝ «Հիդրոմետ»-ին, որը տվել է տեղեկություններ գոլորշիացման հետ կապված
«Օրինակ, «Էլարդը» նշել է, որ կան խնդիրներ գոլորշիացման հետ կապված, գերագնահատված է գոլորշիացումը: «Հիդրոմետը» եւս ասել է, որ գոլորշիացումը 3 անգամ ավել է ներկայացված եղել: Այնտեղ կան տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն Քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում՝ այն վերլուծությունը, որ մենք ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ: Այնտեղ կա որոշակի առաջարկություն՝ նախագծի որոշակի փոփոխության վերաբերյալ: Մենք 12 կետով ներկայացրել ենք մեր մտահոգությունները, այն անհամապատասխանությունները, որոնք գտել ենք «Էլարդի» եզրակացության եւ Ակադեմիայի աշխատանքների հիման վրա: Այսինքն՝ ես ցանկանում եմ, չեմ ցանկանում, ընդհանրապես՝ ո՛նց եմ նայում, էական չէ»,-ասաց նախարարը և ընդգծեց, որ եթե ներկայացրել են այդ փաստաթուղթը, ուրեմն՝ դա նշանակում է, որ այդ փաստերն առնվազն ստուգման կարիք ունեն: