կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես այսօրվանից եմ ասում,  հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա, պետք է մեկ անձից գնում անենք. Փաշինյան

Ես այսօրվանից եմ ասում, հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա, պետք է մեկ անձից գնում անենք. Փաշինյան

Մենք պայմանավորվել էինք, որ երբ այս դպրոցները կբացվեն, զուգահեռ ձեռք կբերվեն նոր՝ գործարանային արտադրության տրանսպորտային միջոցներ՝ երեխաներին տեղափոխելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում 66 նոր դպրոցների կառուցման հարցին, որոնցից 13-ը այժմ արդեն սկսում են կառուցել:

«Ենթադրվում է, որ այդ տրանսպորտային միջոցները պետք է ունենան որակավորված վարորդներ, նրանք պետք է նոր ստանդարտի աշխատողներ լինեն՝ սկսած արտահագուստից։ Այսօրվանից պետք է հագուստի դիզայնի մրցույթ հայտարարել, հասկանալ, թե ոնց ենք այդ մարդկանց հրավիրում աշխատանքի, և այլն։ Կա՞ մեկը, որ կարող է ասել, թե ինչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ», - հարցրեց վարչապետը։

Արձագանքելով՝ Գնել Սանոսյանն ասաց, որ փաթեթը բավականին մեծ է և ամեն ինչ նախատեսված է ըստ փուլերի։

Փաշինյանն էլ ասաց. «Ես չեմ ուզում, որ հետո մենք գանք ասենք՝ վայ, եկեք մեկ անձից գնումով անենք, որովհետեւ 5 տարի առաջ, որ պլանավորել էինք, ժամանակ չեղավ, որ մրցույթ հայտարարեինք: Ես այսօրվանից եմ ասում,  հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա, պետք է մեկ անձից գնում անենք:

Անդրադառնալով կրթահամալիրների շենքային պայմանների բարելավման աշխատանքներին՝ վարչապետն ասաց, թե «Եթե մարզադահլիճը կառուցում ենք, նշանակում է դպրոցի մնացած հատվածը պետք է վիճակում լինի, որ շուշաբանդի տրամաբանությամբ չառաջնորդվենք»։

  • Կիսվել: