երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում տրանսպորտը կթանկանա՞. Ավինյանը` վճարային նոր համակարգի մասին

Երևանում տրանսպորտը կթանկանա՞. Ավինյանը` վճարային նոր համակարգի մասին

Երևանում հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ կներդրվի 2024 թվականից։ Ասուլիսում այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տրանսպորտի վճարի թանկացում կլինի։
Ավինյանը նշեց, որ ինքը դա թանկացում չի կոչի։
 
Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։
 
«Գրեթե նույն գինն է գալիս, ինչ հիմա, կամ որոշ դեպքերում ավելի էժան, եթե եռամսյակային կամ տարեկան տոմս առնեն։ Լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա և մեկ–երկու այլ տեսակի տոմսեր»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։
«Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,–ասաց նա։
Ըստ Երևանի քաղաքապետի` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։

  • Կիսվել: