կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կստեղծվի ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կստեղծվի ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, ուսանողների և ասպիրանտների համար նոր գիտակրթական ծրագրերի ներդրմանը:

ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են ԵՊԲՀ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկում: Բուհի ներկայացուցիչները ներկայացրել են ՆՄՀ շրջանակում հիմնվող ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքները՝ ընդգծելով, որ լաբորատորիայի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն:

Այցի ընթացքում քննարկվել են դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
Ներկաները փաստել են, որ կենտրոնի համար նախատեսված տարածքի ընտրությունն ամփոփման փուլում է. վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ընթացքում են նաև համակարգչային և հարակից տեխնիկայի, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման աշխատանքները:

Նշվել է, որ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակում իրականացվել է այց Շվեյցարիայի մի քանի համալսարանների նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ:

  • Կիսվել: