«Երբ փոքր էի, սարքում էինք տարբեր պայթուցիկներ», «հուսամ՝ էլ չեք սարքի». Գաբրիելյանը հումորով արձագանքեց Աղազարյանին
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին հարցրեց, թե հարսանիքների ժամանակ, փաստորեն, էլ հրավառություններ չե՞ն լինելու:
Գաբրիելյանը արձագանքելով՝ նկատեց՝ բոլոր այն հարսանիքները, որ անում էին հրավառության համար, կարող է տեղի չունենան, բայց հարսանիքների ժամանակ հրավառությունների չեն լինելու:
«Իրականում, պարոն Աղազարյան, եթե անկեղծ լինենք, քաղաքացիների դժգոհությունը գալիս է ոչ թե նրանից, որ հարսանիքների ժամանակ ինչ-որ մեկը հրավառություն է կիրառել. օրինակ, եթե հարսանիք է, և 22:00-ին հրավառություն է, չեմ կարծում՝ մեր քաղաքացիներն այդքան չկամ են ինչ-որ մեկ այլ անձի հանդեպ: Քաղաքացիների դժգոհությունները առաջանում են նրանից, որ հրավառություն են կիրառում 12-ին, գիշերը 2-ին, 3-ին, լուսաբացին, հիվանդանոցների մոտ, հիմնականում ծննդատան կողքն է կիրառվում, ամբողջ դժգոհությունը դրանից է գալիս»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ սա մենթալիտետի հարց է. գերմանացին արդյոք ուզո՞ւմ է, որ իր հարսանիքի մասին հարևանն իմանա ու իմանա հրավառությամբ: Եվրոպական շատ երկրներում հիմնականում հրավառություն չկա:
Խոսելով պայթուցիկ և հրավառ նյութերի արգելքի մասին՝ Աղազարյանը նկատեց. «Երբ ես փոքր էի, մենք այն ժամանակ սարքում էինք տարբեր պայթուցիկներ: Հիմա այդ բենգալյան կրակների ու պայթուցիկների արգելքի արդյունքում անհանգստություն չկա՞, որ կսարքեն, և շատ ավելի վատ հետևանքներ կունենա»:
Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, թե քանի որ մեծացել է Աղազարյանը, հուսով է՝ այլևս այս տարիքում չի սարքի, այդ ռիսկը նվազել է:
«Չեմ կարող բացառել, պարոն Աղազարյան: Ամեն դեպքում, երբ որ դուք փոքր էիք, ջրից չէիք սարքում պայթուցիկ նյութեր: Հիմա, երբ այդ ամբողջ նյութերը տանում ենք լիցենզավորման և որոշակի վերահսկողության դաշտ, որոշակի առումով նաև կանխում է, որպեսզի փոքրիկ հովիկաղազարյանները պայթուցիկ նյութեր չսարքեն»,- կատակեց Գաբրիելյանը: