երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երաժշտական, արվեստի դպրոցի ուսուցիչները, մարզիչները ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար կստանան

Երաժշտական, արվեստի դպրոցի ուսուցիչները, մարզիչները ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար կստանան

Հայաստանում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների ուսուցիչները, մարզիչ-մանկավարժները ատեստավորում անցնելու հնարավորություն կստանան, ինչը թույլ կտա ստանալ 60 հազարից մինչև 100 հազար դրամ հավելավճար:

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախագիծն անդրադառնում է արտադպրոցական կրթության ոլորտին: Այսօր Հայաստանում կա երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որից 50-ը՝ Երևանում, 190-ը՝ մարզերում: Գործում է նաև 174 սպորտային կազմակերպություն: Այս երկու ոլորտներում շահառու երեխաների թիվը շուրջ 100 հազար է:  Հայաստանում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դրոցներում, գեղարվեստի կենտրոններում դասավանդում են 5099, սպորտային կազմակերպությունում՝ 2100-ից մի փոքր ավել մարզիչ-մանկավարժներ:

«Տարիներ ի վեր այս մարդկանց աշխատավարձը, վարձատրությունը որևէ կերպ չի փոփոխվել: Ավելին՝ քանի որ կազմակերպությունների զգալի մասը համայնքային է, նրանց վարձատրությունը նույն աշխատանքի դիմաց խիստ տարբերվում է համայնքից համայնք: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք, որ ոլորտում աշխատող մանկավարժները հնարավորություն ունենան դիմելու և անցնելու ատեստավորում, որի արդյունքում էլ պետբյուջեից հավելավճար կստանան»,-ասաց նախարարը՝ կարևորելով, որ պետբյուջեի միջոցով են խրախուսում ոլորտի զարգացում՝ միաժամանակ չխաթարելով կազմակերպությունների համայնքային բնույթը:

 

Նախատեսվում է, որ փուլային սկզբունքով կկարողանան դիմել երաժշտական, արվեստի դպրոցների ուսուցիչները, նաև մարզիչ-մանկավարժները: Առաջին փուլի մասնակցության համար ընտրվել են մի քանի ուղղություններ, արվեստի ոլորտում դրանք դաշնամուրի ուսուցիչներն են, երաժշտության տեսության առարկային ուսուցիչները, իսկ մարզիչ-մանկավարժների պարագայում՝ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի և սամբո ու ձյուդո մարզաձևերի մարզիչները: Առաջին փուլով ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենա 2352 անձ, որը շահառուների շուրջ 30 տոկոսն է:

 

70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80 հազար 600 դրամի չափով լրավճար, հարկերը հանած այն կկազմի 60 հազար դրամ: 80-89 տոկոս արդյունքի պարագայում խոսքը 111 հազար 500 դրամի մասին է, հարկերը հանած՝ 80 հազար դրամ: Իսկ 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ 138 հազար 300 դրամ, հարկերը հանած՝ 100 հազար դրամ:

  • Կիսվել: