երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց». Կառավարությունը օժանդակություն կտրամադրի «Եվրոպլաստ 999» ընկերությանը

«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց». Կառավարությունը օժանդակություն կտրամադրի «Եվրոպլաստ 999» ընկերությանը

Կառավարություն իր այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստում հավանություն տվեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին եւ օժանդակություն տրամադրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունն իրականացնում է կախովի առաստաղների, դրանց աքսեսուարների և վարագույրի քիվի (կարնիզների) արտադրություն, որոնք մրցունակ են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում:

Արտադրության կազմակերպման նպատակով Ընկերությունը վարձակալում է 2,830 քառ․մետր արտադրական տարածք և ավելի քան 300 քառ․մետր պահեստային տարածք Երևան քաղաքի Րաֆֆու 111 հասցեում, որտեղ կատարվել են վերակառուցման/վերանորոգման աշխատանքներ։

Ընդհանուր առմամբ, արտադրության կազմակերպման նպատակով ներդրվել է ավելի քան 770 մլն. ՀՀ դրամ, որից վերակառուցման/վերանորոգման աշխատանքների համար՝ մոտ 40 մլն. ՀՀ դրամ, հիմնական միջոցների ձեռք բերման համար՝ մոտ 730 մլն. ՀՀ դրամ:

ՀՀ-ում վաճառքի աշխարհագրությունն ընդգրկում է Երևան քաղաքը և հանրապետության գրեթե բոլոր մարզերն ու խոշոր քաղաքները։ Արտադրանքի զգալի մասը սպառվում է արտաքին շուկայում՝ մասնավորապես Վրաստանում: Ներկայումս Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում արտադրանքը ԱՄՆ և ԵՄ երկրներ արտահանելու ուղղությամբ:

Ընկերությունն արտադրության արդյունավետ կազմակերպման և ծավալների ու արտադրատեսակների ընդլայնման նպատակով ներկայումս իրականացնում է սեփական արտադրական տարածքի շինարարություն: Այդ նպատակով, Ընկերությունը ձեռք է բերել 24,300 քառ․ մետր հողատարածք Երևան քաղաքի Րաֆֆու 111/36 և Րաֆֆու 111/37 հասցեներում և առաջին փուլով կառուցում է մոտ 3,000 ք.մ արտադրական տարածք՝ բոլոր անհրաժեշտ հեռահաղորդակցման միջոցներով։

Նախատեսվում է մաս-մաս ապամոնտաժել և նոր արտադրական տարածք տեղափոխել գործող հոսքագծերն ու սարքավորումները՝ չխաթարելով արտադրական գործընթացը։ Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա արտադրական տարածքն ունի սահմանափակ հնարավորություն արտադրության ծավալների և արտադրատեսականու ավելացման տեսանկյունից: Նոր արտադրական տարածքի առկայությունը թույլ կտա շրջանցել այդ սահմանափակումները և լուրջ նախադրյալներ ստեղծել բիզնեսի հետագա զարգացման համար:

Մասնավորապես, սեփական արտադրական տարածք տեղափոխվելուց հետո ընկերությունը կազատվի տարածքի վարձավճարից, որը կազմում է ամսական 3.0 մլն. ՀՀ դրամ: Նաև, Ընկերությունը ձեռք է բերել արևային կայան, որը շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո կգործարկվի և համաձայն արտադրողի կողմից արված հաշվարկների 4 տարի հետո ավելի քան կրկնակի անգամ կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսը: Վերջինս ընկերությանը տարեկան կբերի մոտ 21.0 մլն. ՀՀ դրամի խնայողություն:

Ներկայումս Ընկերության աշխատակիցների թվաքանակը կազմում է 32 հոգի, աշխատավարձի միջին ամսական ֆոնդը ավելի քան 6.0 մլն. ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ընդլայնել արտադրության ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր՝ դրանց քանակը հասցնելով մոտ 50-ի։

Ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումների ծավալը կազմելու է 1մլրդ դրամ։

  • Կիսվել: