շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էներգախնայողության թեման մեզ համար պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն. Փաշինյան

Էներգախնայողության թեման մեզ համար պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար», «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով»  և «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը։

Երեք համաձայնագրերով Եվրամիությունը Հայաստանին հատկացնելու է 65 միլիոն եվրո։

Ծրագրերի մեջ մտնում են․

Սևանի՝ կեղտաջրերից մաքրում,

Էներգախնայող համակարգերի վարկավորման համաֆինանսավորում,

Արտագնա աշխատողների համար Հայաստանում բիզնես սկսելու աջակցություն։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ եվրոպական օգնության այս ծավալը կրկնակի մեծ է 2017 և 2018 թվականներին տրամադրվածից։

Համաձայնագրերի ստորագրման նպատակահարմարության հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց հայտնի անեկդոտը։

«Մի մարդու ասում են, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է՝ «ոչինչ, ես միշտ հազար դրամի եմ լցնում»։ Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է: Այսօր ՀՀ քաղաքացիները, մենք՝ բոլորս, մեր տները տաքացնելու, հովացնելու համար ծախսում ենք X գումար, որը կարող է նվազել, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի, եթե բնակարանի ջեռուցման համար ծախսվում է 1000 դրամ, ապա ջերմախնայողության ներդրում անելու դեպքում՝ 700 դրամ։ «Էներգախնայողության դեպքում էներգակիրների թանկացումը լուրջ ազդեցություն չեն ունենա քաղաքացիների բյուջեի վրա։ Այս առումով, կարծում եմ, որ էներգախնայողության թեման մեզ համար պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն»,- նշեց նա։

Վարչապետը հանձնարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ  Գրիգորյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին համատեղ աշխատել։

«Էներգախնայողությունը մեզ համար պետք է դառնա ռազմավարական թեմա, այսինքն՝ պետք է խնդիր դնենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու առումով պետք ձգտի դառնալ մաքսիմալ արդյունավետ: Սա տնտեսական խնդիր է, սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է և մենք այս խնդիրը պետք է լուծենք, զուգահեռ իհարկե այլընտրանքային էներգետիկան զարգացնելով»,- ասաց նա։

  • Կիսվել: