կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էներգաարդյունավետ արդիականացումը խնայում է էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը

Էներգաարդյունավետ արդիականացումը խնայում է էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը

Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը: Այս մասին մարտի 5-ին Շիրակի մարզպետի աշխատակազմում կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ նշեցին  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչները։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը:

Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։

Հանդիպման ժամանակ համայնքապետարանների ներկայացուցիչներին առաջարկվեց 2025թ. սուբվենցիոն ծրագրերը կազմելիս դիտարկել այս հնարավորությունը։

Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով: Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի դեպքում կազմում է էներգաարդյունավետության միջոցառումների արժեքի 25 տոկոսը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20 տոկոսը:      

  • Կիսվել: