շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չեմ պատրաստվում հանդուրժել այդ այլանդակությունները. Ավինյանը՝ սրճարանների մասին

Չեմ պատրաստվում հանդուրժել այդ այլանդակությունները. Ավինյանը՝ սրճարանների մասին

Արդեն ժամանակն է սկսել գարնանային մաքրման աշխատանքները, մասնավորապես Երևանի կենտրոնում՝ տարատեսակ մշակութային հուշարձաններին հարակից սրճարանների և նմանատիպ կառույցների մաքրման աշխատանքները, որոնք այդ հատվածներում պետք է նախատեսված չլինեին։

Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խնդրելով կոնկրետ դեպքերով իրավակնան հնարավոր լուծումների հետազոտություն սկսել։

Նրա խոսքով՝ որոշակի դեպքերի մասին առանձին քննարկումներ տեղի կունենան, սակայն մի քանիսի մասով արդեն խոսվել է։

«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն։ Ինչպես նախորդ տարի Հանրապետության հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել, այդպես էլ պետք է շարունակեն մաքրվել բոլոր նմանատիպ կետերը և գուցե ավելի մեծ սրճարաններ էլ։ Այդ իրավական հիմքերը պետք է գտնել, որովհետև անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել։ ինչպես նաև չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են պարտադրում օրինականացվել այն հատվածներում, որտեղ ծառեր պետք է լինեին»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ այդտեղ էլ իրավական առումով կա աշխատանք անելու, քանի որ ինքը հաշտ չէ նմանատիպ վիճիռների հետ ու հաշտ չի լինելու, ուստի դա խնդիր է լինելու քանի դեռ լուծում չեն գտել։

«Իրականում, քաղաքն այլանդակել ես և, կարծում եմ, մենք բոլորս չպետք է թույլ տանք՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են», - շեշտեց քաղաքապետը։

  • Կիսվել: