երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու համար պետք է լինեն բարձրորակ կենսաչափական անձնագրեր. Մհեր Գրիգորյան

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու համար պետք է լինեն բարձրորակ կենսաչափական անձնագրեր. Մհեր Գրիգորյան

Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, ապա մենք պետք է այնպիսի որակ ապահովենք, որ խոսենք վիզային ռեժիմի ազատականացման մասին (Եվրամիության հետ – խմբ.)։ Այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հարթակի ամփոփիչ զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ եթե այս համակարգը լիարժեք աշխատի, ապա հնարավոր կլինի սահմանը հատել ավտոմատ կերպով՝ առանց որևէ պաշտոնյայի հետ շփվելու։ Նրա խոսքով՝ սա պարզապես անձնագիր չէ, այլ բարդ համակարգ։

Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանը պետք է առաջ գնա Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (SEPA)՝ ապահովելու այն չափանիշները, կյանքի որակը, անվտանգության այն երաշխիքները, որոնք կգործեն այսօրվա իրականության մեջ։

«SEPA-ն իր բովանդակությամբ և տրամաբանությամբ շատ կարևոր փաստաթուղթ է և արտացոլում է մեր ցանկությունները, բայց աշխարհը շատ արագ է զարգանում։ Փաստաթղթի ստորագրումից և վավերացումից հետո ստանդարտները փոխվել են դրանց ձեռքբերման առումով: Թվային փոխակերպումները այսօր շատ բան են փոխում աշխարհում: Առևտրի առնչությամբ այսօր պետք է ավելի շատ խոսել էլեկտրոնային ստանդարտների մասին, քանի որ մեր երկրում էլեկտրոնային առևտրի ծավալն արդեն գերազանցում է ավանդական առևտրի ծավալը»,- ընդգծեց պաշտոնյան։

Նա նշեց, որ այսօր պետության համար ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ բիզնեսը գնացել է առցանց տիրույթ, որը դարձել է և՛ աշխատատեղ, և՛ օրինական հասցե։ «Բարեփոխումները պետք է տեղի ունենան այս տրամաբանության շրջանակներում։ Հակառակ դեպքում մենք կտրված կլինենք իրականությունից, և բարեփոխումները չեն ազդի քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- եզրափակեց փոխվարչապետը։

  • Կիսվել: