ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համակարգի գործարկումը նախատեսվել է մինչև 2024 թ. հունիսի 1-ը

Էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համակարգի գործարկումը նախատեսվել է մինչև 2024 թ. հունիսի 1-ը

Խորհրդարանը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացրած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Նախագծերով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել ռազմավարական պաշարների պահուստի, նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների համար, ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Կառավարության սահմանված ձևի հաշվետվությունները վերջիններիս կողմից նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմնի սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում»,- ասաց հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը՝ ընդգծելով՝ նման կարգավորում չի եղել, ինչի հետևանքով լիազոր մարմինը հնարավորություն չի ունեցել պատշաճ կերպով հետևելու այդ ապրանքատեսակների կուտակման և պահպանման գործընթացին:

««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագծով առաջարկվում է, որ հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, ինչը ներկայումս գրավոր է կատարվում»,- ավելացրեց Համբարյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովների քննարկումներում արված աշխատանքային դիտարկումները հաշվի են առնվել և միասնական փաթեթով հասցեագրվել են Կառավարության կողմից, դրանք հիմնականում կրել են տեխնիկական շտկումներ վարչական իրավախախտումների մասով:

«Նյութական պահուստի մասով հիմնական փոփոխությունը վերաբերում է նրան, որ միասնական էլեկտրոնային համակարգի պատրաստի լինելու ժամկետը սահմանվել է 2024 թվականի հունիսի 1-ը, որպեսզի հնարավոր լինի մինչ այդ ժամանակահատվածը այդ բարդ համակարգը կառուցել և գործի դնել»,- ավելացրեց հիմնական զեկուցողը:

 Նա կոչ արեց հավանություն տալ նախագծին:

Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ հարցը շատ մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, ինչպես նաև ԱԺ նախորդ լիագումար նիստում:

«Ունեցել ենք փոփոխությևններ՝ բերված թե՛ ընդդիմության կողմից, թե՛ տարբեր տնտեսվարողների: Դրանք բոլորը հաշվի են առնվել»,- ասաց Ալեքսանյանը՝ խնդրելով կողմ քվեարկել: 

  • Կիսվել: