ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություններ մատուցելու գործընթացը կկանոնակարգվի. նախագիծ

Էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություններ մատուցելու գործընթացը կկանոնակարգվի. նախագիծ

Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի նիստին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ՝ առանց հարկային պարտավորությունների և վերահսկողության:

Առկա խնդիրները կարգավորելու և օրենսդրական բացերը լրացնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է՝

  • կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն.
  • սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 մլն դրամի չափով.
  • լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք, անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում համապատասխանաբար 2024 թվականին՝ 2 տոկոսի չափով, 2025 թվականին՝ 3,5 տոկոսի չափով, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետտուրքի գանձումն ու վճարումը պետբյուջե:

Ըստ ՏԿԵ նախարարի տեղակալի՝ փաթեթի ընդունման դեպքում կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ու տաքսի ծառայությունների համար, առավել թափանցիկ և վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն հարկային պարտավորություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի պետբյուջե մուտքերի ավելացմանը:

«ՀՀ տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացը դյուրացնելու, ոլորտում ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու, միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների հարկային բեռը թեթևացնելու նպատակով առաջարկվում է հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների համար «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնագրի պահանջը»,- ասաց Արմեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է՝ փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը կարևոր է, քանի որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տաքսի ծառայությունները վերացել են, դրանց փոխարեն կան անհատ վարորդներ, և կան օնլայն հարթակներ, որոնց միջոցով անհատ վարորդները մատուցում են իրենց տաքսի ծառայությունները:

«Մենք՝ որպես պետություն, վերահսկողությունը մի քիչ թուլացրել ենք, և արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ տեսականորեն բոլորը կարող են տաքսի ծառայություններ մատուցել»,- ասաց Թունյանը, ապա հավելեց. «Բեռը շատ մեծ չէ, այսինքն՝ եթե 1000 դրամանոց պատվեր է, առաջին տարում դրա վրա կարող է ավելանալ 15-20 դրամ, հաջորդ տարում՝ 25-30 դրամ, հետո՝ 40-50 դրամ»:

  • Կիսվել: