ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները տարածաշրջանում զգալիորեն աճել են. Մհեր Գրիգորյան

Էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները տարածաշրջանում զգալիորեն աճել են. Մհեր Գրիգորյան

Հայաստանում էլեկտրահաղորդման գծերը՝ սկսած հյուսիսից եւ վերջացրած ամենահարավով, պետք է ամբողջությամբ կատարելագործվեն։ Սա չափազանց կարեւոր է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պատգամավորները մասնավորապես հետաքրքրվեցին, թե իրանական կողմի հետ քննարկվու՞մ է արդյոք ՛՛գազ էլեկտրաէներգիայի դիմաց՛՛ ծրագրի ընդլայնման հնարավորությունը։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց. ՛՛Օրինակ՝ այնքա՞ն, որ Իրանը ոչ միայն գնի էլեկտրաէներգիա, այլեւ որ այն հնարավոր լինի արտահանել՛՛:

Նրան օ պատասխան՝ փոխվարչապետն ասաց, որ էլեկտրաէներգիայի արտահանումը բավական հետաքրքիր թեմա է։

՛՛Կարծում եմ, որ դա մեզ համար մեծ նշանակություն ունի: Շատ լավ է, որ մենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման նախագծեր ենք իրականացնում երկու ուղղությամբ՝ ինչպես դեպի հյուսիս, այնպես էլ դեպի հարավ։ Մենք դա պետք է անենք շատ ավելի ինտենսիվ, քանի որ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները տարածաշրջանում զգալիորեն աճել են։ Մենք ունենք էներգետիկ համակարգ, արտադրողական ենթակառուցվածք, որն ունի շատ ավելի մեծ ներուժ։ Մենք պարզապես ի վիճակի չենք այդքանն օգտագործել՛՛,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում դա կարող է դրականորեն անդրադառնալ նաեւ ներքին սակագների վրա։

՛՛Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկը վաճառքի փոքր ծավալն է։ Այս առումով, կարծում եմ, մենք պետք է արագացնենք տեմպերը։ Մենք պետք է ունենանք էլեկտրահաղորդման ժամանակակից համակարգեր՛՛,-ասաց փոխվարչապետը։

  • Կիսվել: