Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ ԱՆ-ի նախագծին. Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց. ՛՛Իրականում առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Դա առաջարկ է, որը կքննարկենք եւ միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում առաջարկի որոշ կետերի հետ կհամաձայնենք։ Բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի՛՛։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասել էր, թե Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի:


