կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարար արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատեց գրերի գյուտի հետ

Էկոնոմիկայի նախարար արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատեց գրերի գյուտի հետ

Մի քանի ամիս առաջ առաջին անգամ հանդիպեցի ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանի հետ, և մեր խոսակցությունը հեղափոխական ազդեցություն ունեցավ ինձ վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ես հասկացա, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր խոշոր բիզնեսին խորհրդատվական ընկերություններին պատմենք այն տեխնոլոգիական հեղափոխության մասին, որ այսօր տեղի է ունենում աշխարհում, և փորձենք այնպես անել, որ մեր ընկերությունները ոչ թե վերջում, այլ սկզբում օգտագործեն այդ տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասաց նա:

Վահան Քերոբյանի խոսքով, արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության գյուտի կամ ինտերնետի հետ, այլ գրերի գյուտի հետ, այսինքն՝ շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար:

«Մեզ համար այս կոնֆերանսը կարևոր է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ՝ աշխատանքի արտադրողականության բարձրացում: Արհեստական բանականությունը բոլոր միջազգային խորհրդատվական կենտրոնների կողմից համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն:

Ես կոչ եմ անում, որ մեր բիզնեսը այս կոնֆերանսին վերաբերվի որպես լավ հնարավորություն արտադրողականությունը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելուն, լավ հնարավորություն մոդեռնիզացիայի և ընդհանրապես աշխարհի մակարդակով մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:

Նա, օգտվելով առիթից, տեղեկացրեց, որ անցած շաբաթ կառավարությունն ընդունել է մի ծրագիր, որով ավանդական ընկերություններին օգնում են թվային տրանսֆորմացիայի, այդ թվում արհեստական բանականության գործիքներն իրենց ընկերություններում կիրառելու համար՝ սուբսիդավորվող վարկերի և դրամաշնորհների շնորհիվ. «Դա վերաբերում է նաև խոշոր ընկերություններին, որոնք մեծ չափի ներդրումներ են անում իրենց թվայնացման արհեստական բանականության գործիքների ներդրման համար»:

Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք կարևոր են համարել այս կոնֆերանսը. «Ես հույս ունեմ, որ այս հանդիպումից մենք բոլորս կտանենք նոր գիտելիքներ, նոր որոշումներ»,- ասաց նա:

Նշենք, որ «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ու լուծումները, որոնք կարող են հեղափոխել բիզնեսի գործառնությունները:

Համաժողովի բանախոսների թվում են Embodied ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:

  • Կիսվել: