չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. ԱՍՀ նախարարը՝ Լոնգանգեին

ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. ԱՍՀ նախարարը՝ Լոնգանգեին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել կանանց տնտեսական զորեղացման, գենդերային հավասարության և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղություններով համատեղ իրականացված և նախատեսվող աշխատանքներին։
 
Ընդգծելով ԵԽ դերը ոլորտային բարեփոխումների գործընթացում՝ Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես, շեշտել է կազմակերպության ներգրավվածության կարևորությունը՝ Գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ․ ռազմավարության, ինչպես նաև Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի մշակման աշխատանքներում։
 
«ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է, որի հետ ունենք բազմաշերտ և արդյունավետ համագործակցություն՝ մի քանի ծրագրերի շրջանակում։ Մենք բարձր են գնահատում Խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ հատկապես օրենսդրական բարեփոխումների և ոլորտային փաստաթղթերի մշակման գործում»,- նշել է նախարարը։
 
ԵԽ հետ համագործակցությամբ նախատեսվող աշխատանքների շրջանակում՝ նախարարն ընդգծել է նաև մարզաբնակ կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց, ընտանիքում բռնության ենթարկված կանանց և այլ խոցելի խմբերի ներգրավման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա զարգացնել վերջիններիս մասնագիտական կարողություններն ու նպաստել տնտեսական անկախության ձեռքբերմանը։ Նախարարի խոսքով՝ նաև այս հանգամանքը հաշվի առնելով են ընդլայնվել ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունները։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին. ներկայացվել է պետության կողմից այս ուղղությամբ սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և զբաղվածության ոլորտներում իրականացվող աշխատանքները։
 
Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ԱՍՀ նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների, իրականացվող ծրագրերի ներկայացման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով ԵԽ-ի կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։ Վերջինս նաև նշել է, որ տեղյակ են հումանիտար ճգնաժամի հաղթահարման և ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների մասին և բարձր են գնահատում պետության ներդրած ջանքերի դերը։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

  • Կիսվել: