ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ձևավորված է լավ հնարավորություն՝ մեր դպրոցներ մտցնել որակապես նոր դասագրքեր. ԿԳՄՍ նախարար

Ձևավորված է լավ հնարավորություն՝ մեր դպրոցներ մտցնել որակապես նոր դասագրքեր. ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը համոզված է, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի ուշացումամբ դպրոցներ հասնելը որևէ լուրջ խնդիր չի առաջացնի ամբողջ տարվա կրթական գործընթացի համար, ամբողջությամբ փոխվել են դասագրքերի նկատմամբ պահանջները:  Անդրեասյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Դասագրքերը կան, դրանք հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Ուսուցիչները իրազեկված են, դպրոցները տեղեկացված են կրթության կազմակերպման մասին: Գրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կհասնի դպրոցներ այս ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա որևէ լուրջ խնդիր չի առաջացնելու ամբողջ տարվա կրթական գործընթացի համար»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը սա չի համարում նախարարության բացթողումը: Նա խոսեց նաև նկատվող փոփոխությունների մասին:

«Դասագրքերի տպագրության գինը շուրջ 50 տոկոս և ավելի նվազում է, որովհետև մենք դաշտը բացել ենք, ձևավորվել է մրցակցային դաշտ, հայտնվել են ամբողջությամբ նոր խաղացողներ, որոնք այնպես չէ, որ մինչև այս չկային: Կան մարդիկ, որոնք ներկայացնում են մեր երկրի խոշորագույն տպարանները, սակայն նախկինում որևէ ձևով չեն մասնակցել դասագրքեր տպագրությանը, որովհետև եղել է այլ տրամաբանություն՝ ավելի մոնոպոլիզացված»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը հորդորեց բացել, օրինակ, աշխարհագրության նոր դասագիրքը: Նա նշեց՝ քարտեզները դժվար էին ուսուցանվում, հիմա դասագրքերում ներառվել են QR կոդեր, լրացուցիչ  էլեկտրոնային նյութեր, որոնք ավելի հետաքրքիր, հասանելի, պարզ ու մատչելի են դարձնում նյութի մատուցումը: Այսպիսով՝ դասագրքերի ուշացումը պայմանավորված է այդ փոփոխություններով:

«Ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը, դասագրքերի նկատմամբ պահանջները: Դա բնականաբար պահանջել է ժամանակ: Ասել, թե ինչ-որ մեկն իր գործը չի կատարել, սխալ է, մասնակիցները բոլորն էլ իրենց մասով աշխատանք են տարել: Մենք նաև ունենք հեղինակների նոր խմբեր: Տարիներ շարունակ ծնողները, աշակերտները, ուսուցիչները բողոքում էին դասագրքերից: Ու հիմա ձևավորված է լավ հնարավորություն, որ կարողանանք մեր դպրոցներ մտցնել որակապես նոր դասագրքեր»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: