Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ. Իվոն Չուն
Հայաստանն իրավամբ համարվում է նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում ասաց WITSA-ի նախագահ Իվոն Չուն։
«Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ»,- հավելեց նա։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կարևորելով «WCIT 2019» համաշխարհային համաժողովի անցկացումը՝ նշեց, որ ՀՀ կառավարությունը հռչակել է ՏՏ ոլորտը որպես առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ՝ լինի արդարադատություն, պետական կառավարում, գյուղատնտեսություն:
«Մենք մեր ջանքերով նպաստելու ենք, որ ՀՀ տնտեսության մեր այդ տրանսֆորմացիան տեղի ունենա: Հայաստանում վերջին տարիների ընթացքում ՏՏ ոլորտը աճում է միջինը 28 տոկոսով»,-ընդգծեց փոխվարչապետը։
Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ նշեց, որ այս տարի ունեցել եքք արդեն 6200 գրանցված մարդ, որոնք հաճախելու են WCIT: «Սա ռեկորդային թիվ է համաժողովի պատմության մեջ, որն անցկացվում է 1978 թվականից: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այս մի քանի օրերին դառնալու է կենտրոն հենց IT ոլորտում»,- ասաց նա։