երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միանգամից ասեք՝ ավտոներկրումն արգելում ենք. Թադևոս Ավետիսյանն՝ իշխանությանը

Միանգամից ասեք՝ ավտոներկրումն արգելում ենք. Թադևոս Ավետիսյանն՝ իշխանությանը

Ձեր կառավարությունն ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նշենք, որ նոր նախաձեռնությամբ առաջարկվում է մաքսատանը ավտոմեքենաների ժամանակավոր պահպանության՝ կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ բարձրացնել:

«Մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են՝ արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Բայց ինչը ձեր դուրը չի գալիս այս ոլորտի հետ կապված: Այո, խնդիրներ կան, բայց բոլոր ոլորտներում կան: Նախագիծ եք բերում իրար վրա տարվա վերջին, էս ոլորտի բեռը բարձրացնում եք, բայց հաշվի չեք առնում, որ այլ երկրներ, որտեղ վերարտահանվում են, այնտեղ էլ, ոնց որ, ինչ-որ գործընթացներ կան այս բիզնեսին խոչընդոտելու:

Ասում եք՝ օրը 1600 դրամը փոքր թիվ է: Օրական 1600 դրամով որտե՞ղ «ստայանկա» կա, որ հիմա էլ առաջարկում եք, ասում եք՝ եկեք դարձնենք  5000 դրամ: Օրը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ դարձրեք: Եթե դուք չեք կարողանում ժամանակին կազմակերպեք մաքսազերծման աշխատանքները, մարդը ստիպված իր մեքենան մի քանի օր թողնում է, դուք էլ ասում եք՝ դե որ թողեցին, կբերես մի հատ էլ պետական տուրք ավելի բարձր կվճարես: Միանգամից ասեք՝ ավտոներկրումն արգելում ենք, վերջացրեք, որ մարդիկ էլ իմանան: Մարդիկ բիզնես են անում, մեկ էլ հանկարծ ներվայնանում եք, մի օրինագիծ վերցրած գալիս եք ԱԺ, այդպես հո չի՞ լինի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ մեքենա ներմուծողների հետևից ընկնելու խնդիր չունեն, այլ վարչարարությունն են բարելավում. «Ներմուծողը 4 ամիս ժամանակ ունի հայտարարագիր ներկայացնելու, ինքը 4 ամիս մեքենան պահում է մաքսային տարածքում՝ օրական 1600 դրամով: Մենք էլ ասում ենք՝ դա կայանման վայր չի ձեզ համար»:

Թադեւոս Ավետիսյանը հակադարձեց, որ ինքը եղել է Գյումրիի մաքսատանը եւ ականատես է եղել մեծ հերթերի, նաեւ տեսել է, որ մարդիկ փողը թղթերը ձեռքներին, ուզեցել են մաքսազերծել, մաքսային մարմինը չի հասցնում. «Այսինքն դուք չեք հասցնում մարդու գործն անեք, դեռ մի բան էլ պետք է վճարի: Ինչու պետք է վճարի»:

  • Կիսվել: