ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դրամական աջակցություն սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակչությանը

Դրամական աջակցություն սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակչությանը

Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն, և Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչներին:  Ընդհանուր թվով  459 ընտանիք (1565 անձ) ստացել է 150.000-ից 362.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 ՀՀ դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 ՀՀ դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 ՀՀ դրամ, չորս անձից բաղկացած  ընտանիքին՝ 313.500 ՀՀ դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362.000 ՀՀ դրամ։

Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդանուր առմամբ տրամադրել է 124.208.000 ՀՀ դրամի աջակցություն: Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից՝ տեղական իշխանությունների համակարգմամբ։ Այնուհետև ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում շահառու ընտանիքներին։

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը և արժանապատվությունը։ Կազմակերպությունն իրականացնում է իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում 1992 թ.-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։

  • Կիսվել: