չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դրական եզրակացություն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքների նախագծերին

Դրական եզրակացություն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքների նախագծերին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հիշեցրել է, որ առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկվում է ավելացնել օրենսգրքի 154-րդ եւ 154.1-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվություն սահմանող տուգանքի չափերը, քանի որ սահմանված իրավախախտումները կատարելուց եւ վարչական տույժի ենթարկվելուց հետո որոշ սուբյեկտներ շարունակում են վարչական իրավախախտում կատարել՝ նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո: Որոշ դեպքերում նշանակվող տույժերը երբեմն էականորեն ավելի պակաս են այդ իրավախախտումների կատարման կամ շարունակման դեպքերում ստացվող եկամուտներից, արդյունքում՝ սուբյեկտների համար նշանակված վարչական տույժը վճարելը, նույնիսկ՝ խախտման համար երկրորդ անգամ տույժի ենթարկվելն ավելի «շահավետ» է, քան իրավախախտում կատարելուց խուսափելը եւ քաղաքաշինական համապատասխան նորմերի պահպանումը:

Արմենուհի Հարությունյանի հավաստմամբ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կբարելավվեն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, էականորեն կնվազեն շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքերը:

Փոխնախարարը նաեւ ներկայացրել է վիճակագրական տվյալներ մարզերում տիրող իրավիճակի մասին: 2020-2023 թվականների ընթացքում պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, որից 3427-ը՝ Երեւանում, 1246-ը՝ մարզերում:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել է տեխնիկական բնույթի փոփոխություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը քննարկման է ներկայացրել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության հասկացությունը, էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կանոնակարգել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով, էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաեւ պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ, վերանայել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնավոր ուղեւորափոխադրումների արտոնագրի տրամադրման գործընթացը եւ սահմանել կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ:

Ըստ նրա՝ առաջին ընթերցումից հետո հիմնականում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել մեկ փոփոխություն, գրավոր առաջարկներ չեն եղել:

 

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի մարտի 1-ից:

  • Կիսվել: