շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիլիջանի համայնքապետարանը կվերագործարկի Դիլիջանի կարի ֆաբրիկան՝ որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ կառույց

Դիլիջանի համայնքապետարանը կվերագործարկի Դիլիջանի կարի ֆաբրիկան՝ որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ կառույց

Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան և դրա հարակից տարածքը կվերածվի ժամանակակից և բազմաֆունկցիոնալ տարածքի, որը կծառայի որպես փոքր բիզնեսի և համայնքի բնակիչների գործունեության հարթակ։ Ծրագիրն ուղղված է նաև ստեղծարար արդյուանբերության զարգացմանը  համայնքային և մարզային ազգաբնակչության ակտիվ ներգրավմամբ և մասնակցությամբ։

«Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 7-ին, Դիլիջանի համայնքապետարանում: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Վիկտորինը, Տավուշի մարզպետի տեղակալ պարոն Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիդ Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ գործընկեր կազմակերպություններից: 

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող (1 մլն Եվրո) ծրագիրն իրականացվում է Դիլիջան համայնքի կողմից՝ IDeA բարեգործական հիմնադրամի (համաֆինանսավորող),  Տուրիզմի և քաղաքաշինության հիմնադրամի  և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ գործընկերությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ՝ «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային նախաձեռնության  շրջանակում:

Վերակառուցման ենթակա է ավելի քան 5500 մ² տարածք (3500 մ² և կանաչ գոտի), որը հավակնում է դառնալ բազմաֆունկցիոնալ, ստեղծարար արդյունաբերության տարածք, որտեղ կլինեն արհեստագործական արտադրամասեր, հանգստի և կրթական տարածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական լուծումներով: Կարի ֆաբրիկայի հարակից տարածքները կդառնան կանաչ և հանգստի գոտիներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնադրել բիզնեսի աջկացման և ստեղծարար արդյունաբերության կենտրոններ, սպասարկման ոլորտի աջակցման  ասոցիացիա, ինչպես նաև նպաստել համայնքում գործող զբաղվածության կենտրոնի ընդլյանմանը:

Նախագծի նպատակն է աջակցել համայնքների ղեկավարներին և համայնքապետարաններին՝ դառնալու կայուն տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ օժանդակողներ՝ կայուն տնտեսական զարգացման նպատակով բարելավելով բիզնես միջավայրը, խթանելով ձեռներեցությունը և ներգրավելով ներդրումներ: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Վիկտորին

«Եվրոպական միությունը շարունակում է Հայաստանում աջակցել տեղական և մարզային իշխանություններին՝ հավատացած լինելով, որ տեղական դերակատարները կարևորագույն դեր ունեն համայնքային մակարդակում զարգացում և տնտեսական աճ ապահովելու գործում։ Մենք լիահույս ենք, որ վերագործարկվող Կարի ֆաբրիկան՝ որպես եզակի բազմաֆունկցիոնալ տարածք կխթանի տնտեսական գործունեությունն ինչպես Դիլիջանում, այնպես էլ Տավուշի մարզի ողջ տարածքում՝ հնարավորություն ընձեռելով մարզային փոքր և միջին բիզնեսների ինկուբացիայի և ակսելեռացիայի համար,  ինչպես նաև վերջիններիս հասու դարձնելով անհրաժեշտ խորհրդատվական և աջակցության ծառայություններ» - ընդգծեց իր խոսքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վիկտորինը։

«Ծրագիրը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Դիլիջանի և հարակից համայնքների, այլև՝ ամբողջ տարածաշրջանի համար: Դիլիջանի համայնքապետարանը միշտ բաց է համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Կարի ֆաբրիկան կարևոր տեղ է զբաղեցրել դիլիջանցիների կյանքում և մեր համար շատ նշանակալի է, որ այն նոր կյանք է ստանալու» - ընդգծեց Դիլիջանի Համանյքապետ պարոն Դավիթ Սարգսյանը:

Ծրագրի մասին  

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում։ Ծրագրի նպատակն է աջակցել համայնքների ղեկավարներին և համայնքապետարաններին՝ դառնալու կայուն տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ օժանդակողներ՝ կայուն տնտեսական զարգացման նպատակով բարելավելով բիզնես միջավայրը, խթանելով ձեռներեցությունը և ներգրավելով ներդրումներ: 

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնութան նպատակներն են.

Խրախուսել և աջակցել տեղական իշխանություններին՝ մշակելու և իրականացնելու տեղական տնտեսական զարգացման ծրագրերը (LEDP):

Հզորացնել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները՝ տնտեսական զարգացման ծրագրերը պատշաճ և խելամիտ

ֆինանսական կառավարման սկզբունքներին համապատասխան իրականացնելու համար։

Խրախուսել պետական-մասնավոր երկխոսության վրա հիմնված գործընկերությունների և ցանցերի ստեղծումը՝ տնտեսական աճը, զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը խթանող գործողություններ իրականացնելու համար:

Կիսվել նոու-հաուներով և լավագույն փորձով` շահագրգիռ կողմերին մոտիվացնելու, աշխատանքում նոր մոտեցումների կիրառումը ցուցադրելու, ինչպես նաև զարգացմանն աջակցող քաղաքականությունն ու գործողությունների իրականացումը ապահովելու համար:

  • Կիսվել: