հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«ԴիջիԹեք»-ը կկայանա՝ ապացուցելու, որ տեխնոլոգիական համայնքը չի հյուծվել

«ԴիջիԹեք»-ը կկայանա՝ ապացուցելու, որ տեխնոլոգիական համայնքը չի հյուծվել

Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումը՝ «ԴիջիԹեք»-ը, կկայանա՝ ապացուցելով, որ, չնայած երկրում ստեղծված իրավիճակին, տեխնոլոգիական համայնքը չի հյուծվել և շարունակում է աշխատել արդեն մի քանի ուղղությամբ: 

Այս մասին հայտնեց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում սպասվող ցուցահանդեսին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում: 

«Հոկտեմբերի 13-ին,14-ին, 15-ին տեղի կունենա «ԴիջիԹեք» 2023 ցուցահանդեսը, որն արդեն կազմակերպվում է 18-րդ անգամ: Երկրի իրավիճակով պայմանավորված՝ տարաձայնություններ կային համայնքում, բայց ամեն դեպքում որոշեցինք, որ միջոցառումը պետք է կայանա: Տեխնոլոգիական համայնքը, տնտեսությունը պետք է գործի հատկապես այս պայմաններում: Պետք է ցույց տանք, որ մենք հուսալի և կայուն գործընկեր ենք ամբողջ աշխարհի համար՝ անկախ աշխարհաքաղաքական վիճակից: Պետք է աշխատենք արդեն մի քանի ուղղություններով»,- ասաց Կարապետյանը:

Այս տարի միջոցառումը լուսաբանելու համար Երևան կժամանեն միջազգային հայտնի լրատվամիջոցների թղթակիցներ Forbes-ից, Independent-ից, Banzinga-ից, Make use of-ից:  

«Տեխնոլոգիաները ամենուր են» խորագրի ներքո կազմակերպված միջոցառումով փորձել են Հայաստանում գործող ոլորտային բոլոր ուղղություններից ներկայացուցիչներ ունենալ: Այս տարի ոլորտի հետ միասին կներկայանան նաև «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ն, Laser War Armenia-ի ռազմա-տակտիկական խաղ-սպորտաձևի թիմը, ինչպես նաև տարածքում կտեղադրվի «ՈՄԱ Գմբեթ»: 

«Տեխնոլոգիաները, որոնք ստեղծվում են մեր ոլորտում, կարող են օգտագործվել ռազմաարդյունաբերության տարբեր ոլորտներում: Արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում. բոլոր տեխնոլոգիաները երկակի նշանակություն կարող են ունենալ»,-  ընդգծեց Krisp ընկերության համահիմնադիր, 10Web ընկերության հիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ Արտավազդ Մինասյանը: 

Այս տարի ցուցահանդեսում գործող Startup Elevator-ը՝ որպես նեթվորքինգ-հարթակ, կմիավորի հրեշտակ ներդրողներին և ստարտափների հիմնադիրներին։ Digitec Startup Elevator-ի հայեցակարգը ոգեշնչված է վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի պրակտիկայից, որն իրենից ներկայացնում է  գաղափարի, ապրանքի կամ ծառայության ազդեցիկ ներկայացում՝ վերելակով երթևեկելու տևողության ընթացքում։ 

«Elevator pitch-ի շրջանակում 24 փորձառու հրեշտակ ներդրողներ՝ ըստ նախապես հաստատված հաջորդականության, կապահովեն 15-րոպեանոց հասանելիություն միջոցառմանը և յուրաքանչյուր ստարտափ հիմնադրին կհատկացնեն մեկական րոպե»,- տեղեկացրեց Կարապետյանը: 

«ԴիջիԹեք 23» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին կներկայացվեն ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր: «ԴիջիԹեք»-ում ներկայացված կլինի մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին։ 

«Մենք նրանց կտրամադրենք տաղավար, որտեղ յուրաքանչյուրը կարող է նախապես իմանալ, թե ինչ ձեռնարկություններ ու աշխատատեղեր են ներկայացվելու այս ցուցահանդեսին։ Այնտեղ աշխատանք փնտրելու համար հնարավոր կլինի գրանցվել՝ թողնելով տվյալները»,-հայտնեց Կարապետյանը։

Այն ՏՏ ընկերությունների համար, որոնք գործում էին ԼՂ-ում, միությունը պատրաստվում է մեկ այլ առանձին տաղավար բացել։

Բացի այդ, ցուցահանդեսի ընթացքում Armenian Code Academy-ի ՏՏ դպրոցը սեմինարներ կանցկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար՝ օգնելով հասկանալ, թե  ինչպես յուրացնել ՏՏ ոլորտի մասնագիտությունը։

Զուգահեռ տեղի կունանա գիտաժողովներ, Open Mike ֆորմատով ելույթներ: «ԴիջիԹեքի» օրերին կներկայացվեն նաև ոլորտում աշխատանքի հնարավորություններ, 100 տոկոս ֆինանսավորմամբ կաջակցեն նաև սկսնակ և փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությանը: Այցելուների համար մուտքն անվճար է, սակայն գրանցվելը՝ պարտադիր:

  • Կիսվել: