ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դեպի ծով ելք չունենալու հանգամանքը շատ երկրների պարագայում շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ. Կվապե

Դեպի ծով ելք չունենալու հանգամանքը շատ երկրների պարագայում շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ. Կվապե

 Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի գլոբալ նախագահ, Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեի կարծիքով՝ մատչելի և հասանելի տրանսպորտային համակարգը պետությունների տնտեսական աճի խթանման կենսական նախապայմաններից է:

Ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ՝ Կվապեն նշեց, որ 2030 թվականին միտված ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրում հաշվի է առնվել այն փաստը, որ տրանսպորտային կապակցվածությունը հիմնական շարժիչ ուժն է պետությունների համար իրենց գերնպատակներին հասնելու համար:   

«Դիտարկելով Վիեննայի գործողությունների ծրագիրը՝ ուղղված հաջորդ տասնամյակին, տեսնում ենք, որ տրանսպորտային կապակցվածությունն անկասկած շատ կարևոր սոցիալ-տնտեսական գործոն է՝ հաջողության հասնելու համար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կապը խաղաղության, կապակցվածության և զարգացման միջև, ինչը շատ հստակ էր: Մեր խմբի երկրների տրանսպորտի նախարարների բարեհաջող ժողովից հետո, որը նախորդ տարի կայացավ Թուրքմենստանում, ակնհայտ է դարձել, որ ապահով, մատչելի և հասանելի տրանսպորտային համակարգը պետությունների տնտեսական աճի խթանման կենսական նախապայմաններից է: Դեպի ծով ելք չունենալու հանգամանքը շատ երկրների պարագայում շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ: Մեր խմբի երկրներից ավելի շատ ժամանակ է պահանջվում ապրանքներ և այլ կարևոր պարագաներ ուղարկել կամ ստանալ, ինչը զգալիորեն ավելացնում է արտաքին առևտրի ծախսերը: Տրանսպորտային բարձր ծախսերը խաթարում են նշված խմբի  երկրների կապակցվածությունն ու համեմատական առավելությունները՝ հետ կանգնեցնելով ներդրողներին ու կրճատելով տնտեսական աճի տեմպերը: Նման իրավիճակը, բնականաբար անբարենպաստ է տնտեսական գլոբալ զարգացման համար, քանի որ սահմանափակում է մեր երկրների կողմից երկարաժամկետ զարգացման հասնելու հնարավորությունները»,- ասաց Բոտսվանայի արտգործնախարարը:

Ըստ նրա՝ այնուամենայնիվ ամեն ինչ կորսված չէ: Կա լավ առաջընթաց հատկապես երկաթուղիների, նավահանգիստների, օդային տրանսպորտի ոլորտներում բացակայող օղակները լրացնելու առումով: Բայց դեռ մնում են բազմաթիվ խոչընդոտներ միջազգային առևտրի ինտեգրումն ավելի ներդաշնակ դարձնելու ճանապարհին: Կվապեի համոզմամբ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման համար անհրաժեշտ են շատ մեծ ներդրումներ, ավելի շատ, քան նշված խմբի երկրները կարող են իրենց թույլ տալ, քանի որ նրանց հարևան երկրներն էլ են զարգանում, որոնք ունեն բոլորովին այլ՝ իրենց շահերից բխող առաջնահերթություններ:

«Մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են մշտական և նպատակային ջանքեր, ուստի կարևոր է, որպեսզի տեղի ունենա ավելի ինտեգրված համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Պետք է նախևառաջ պահպանել ու զարգացնել որակյալ, մատչելի, հասանելի և դիմակայուն տրանսպորտային ենթակառուցվածքներ ու տարանցման համակարգեր՝ բացառելով բարդ ընթացակարգերը: Անհրաժեշտ է խթանել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը՝ հանուն արտադրողականության բարձրացման: Պետք է նաև շարունակենք աջակցել ներդրումների ավելացմանը տրանսպորտային կապակցվածության համատեքստում: Մեր երկրների խումբն ակնկալում է տարանցիկ երկրների հետ համագործակցության շարունակություն, ապավինում է բոլոր գործընկեր պետությունների աջակցությունը, որպեսզի դեպի ծով ելք չունեցող երկրների հիմնական կարիքներն ու խնդիրները համարժեքորեն լուծվեն, կարողություններն ավելացվեն: Հուսով ենք, որ այս հանդիպումը կնպաստի նպատակների իրականացմանը՝ բերելով կոնկրետ արդյունքներ գործողությունների հաջորդ ծրագրի համար, քանի որ այս օրերին ակտիվորեն իրականացվում են նաև ՄԱԿ-ի երրորդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները»,- եզրափակեց դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի գլոբալ նախագահը:   

  • Կիսվել: