ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեպի ծով ելք չունեցող երկրներում ապրող 570 միլիոն մարդկանց համար կապակցվածությունը բարգավաճման բանալին է. Ռաբաբ Ֆաթիմա

Դեպի ծով ելք չունեցող երկրներում ապրող 570 միլիոն մարդկանց համար կապակցվածությունը բարգավաճման բանալին է. Ռաբաբ Ֆաթիմա

Տրանսպորտային արդար, մատչելի և ներառական կապերի ամրապնդումը որպես շարժիչ ուժ է կայուն և դիմակայուն տնտեսությունների համար: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց թույլ զարգացած երկրների ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման:

«570 միլիոն մարդկանց համար, որոնք ապրում են դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներում, կապակցվածությունը բարգավաճման բանալին է: Այս երկրները յուրահատուկ մարտահրավերների են բախվում իրենց աշխարհագրական մեկուսացվածության պատճառով, դեպի ծով տարածքային ելք չունենալու պատճառով, հիմնական շուկաներից հեռու լինելու պատճառով և ոչ համարժեք ենթակառուցվածքի պատճառով: Բոլոր այս համակարգային խոցելիությունները խորացել են, քանի որ COVID 19-ի հետևանքները երկարաձգվել են, կա աշխարհաքաղաքական լարվածություն, պարենային-էներգետիկ ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն և պարտքով ծանրաբեռնվածություն:

Գրեթե բոլոր առումներով այս պետությունները կապակցվածության դժվարությունների են հանդիպում, միջինը 2 անգամ ավելի շատ են վճարում, քան տարանցիկ երկրները տրանսպորտային ծախսերի տեսքով, արտադրված ապրանքների առևտրի ծախսերն այս երկրների դեպքում մոտ 40 տոկոսով բարձր են, քան դեպի ծով ելք ունեցող զարգացող երկրների դեպքում: 215 մլն մարդ այս երկրներում մինչ օրս միացած չէ էլեկտրաէներգիայի ցանցին, և աշխարհաքաղաքական լարվածությունների պատճառով ավելի են բարդացել տարանցիկ ուղիների մարտահրավերները, բարդացել է համաշխարհային շուկաներ հասնելը: Դրա հետևանքով այդ երկրների մասնաբաժինը համաշխարհային առևտրաշրջանառության մեջ վերջին տասնամյակում նվազել է՝ 2022-ին հասնելով 1.1 տոկոսի»,- նշեց Ռաբաբ Ֆաթիման:

Չնայած այդ փոխկապակցված մարտահրավերներին՝ նա ընդգծեց, որ առկա է որոշակի առաջընթաց:

«Աֆրիկյան մայրցամաքի ազատ առևտրի տարածքում 2021 թվականի հունվարից սկսվել է առևտուրը: Առաջընթաց կա տնտեսական միջանցքների գծով, ինչպիսին է, օրինակ, Տրանսաֆրիկյան մայրուղին, Տրանսասիական մայրուղին և Եվրասիական տարանցիկ ուղիները»,- ասաց Ֆաթիման՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, դեռ անելիք կա:

«Մենք պետք է տրանսպորտային կապակցվածության միջոցով շտկենք տրանսպորտային օղակները և ապահովենք տրանսպորտային հաղորդակցության ուղիների դիմակայանությունը կլիմայի փոփոխություններին: Թույլ զարգացած երկրների պարագայում ասֆալտապատ ճանապարհների ծավալը շատ ավելի ցածր է, քան միջինը, երկաթգծերի ծավալը 44 հազար կմ-ով ավելի պակաս է այս երկրներում: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը այս երկրներում պետք է հասցվի աշխարհի միջինին, ինչը կարժենա 510 մլրդ դոլար»,- անելիքների ցանկում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը առանձնացրեց ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչը:

  • Կիսվել: