կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չորս ընկերություններ կառավարության որոշմամբ ազատվեցին մաքսատուրքից

Չորս ընկերություններ կառավարության որոշմամբ ազատվեցին մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պտուտակավոր (Twist Off) կափարիչների և թիթեղյա տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 49․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 17 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է49․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․9 մլրդ դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԴԵԿՈՐՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԴԵԿՈՐՊՐՈՖ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել պատուհանների և ապակեփաթեթների արտադրության համար։

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.7 մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 1․1 մլրդ դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 28 նոր աշխատատեղ՝ 330-400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է22․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլրդ դրամ։

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղապլաստե դռների և պատուհանների, պատուհանագոգերի, մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում շենք-շինությունների վերանորոգման, նոր արտադրական սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև լրացուցիչ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170-190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 188․8 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ԼԻԿՎՈՐ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղամիջոցների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին։

Ընկերությունը 2023-2027 թվականներին նախատեսում է վերազինել արտադրական հզորությունները, բարձրացնել արտադրողականությունը, իրականացնել նոր արտադրական շենքի կառուցում, ինչպես նաև զգալիորեն մեծացնել վաճառքի ծավալները ինչպես ներքին, այնպես էլ արտահանման շուկաներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5․3 մլրդ դրամի ներդրում, որից որից 800 մլն դրամը ուղղված է շինարարական աշխատանքներին, 278 մլն դրամը հիմնական միջոցների՝ սարքավորումների վերազինմանը, 4․2 մլրդ դրամը՝ հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական և այլ բաղկացուցիչ մասերի ձեռքբերմանը։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ մինչև 490 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 216․5 մլն դրամ:

  • Կիսվել: