երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են երեխաների առցանց անվտանգության ապահովման խնդիրները

ԲՏԱ նախարարությունում քննարկվել են երեխաների առցանց անվտանգության ապահովման խնդիրները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են՝ փետրվար 7-ին կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով։

Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ընդգծել թեմայի կարևորությունը և այդ ուղղությամբ բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Դարիա Կուրսան առցանց ձևաչափով ներկայացրել է միության գործունեությունը՝ ուղղված ինտերնետ տիրույթում երեխաների անվտանգությանը:

Թեմատիկ ելույթներով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Արտակ Թումանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Վիկտորիա Օհանյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Լուսինե Գրիգորյանը։

Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ոլորտային ներկայացուցիչներ։ Ներկաներից յուրաքանչյուրը մանրամասնել է իրենց կողմից իրականացված աշխատանքները, նախագծերը, երեխաների առցանց անվտանգությանն ուղղված առավել արդյունավետ լուծումների տարբերակներն ու հնարավորությունները։

Ակտիվ քննարկում է ծավալվել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, եռցանց անվտանգության ուղղությամբ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, հեռահաղորդակցության օպերատորների կողմից երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը, կիբեռհանցագործություններն ու կիբեռհանցագործությունների հիմնական տեսակները։

  • Կիսվել: