երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բնակարան ձեռք բերելիս քաղաքացին շենքի կառուցման փուլում որոշակի երաշխիքներ կստանա. նախագիծ

Բնակարան ձեռք բերելիս քաղաքացին շենքի կառուցման փուլում որոշակի երաշխիքներ կստանա. նախագիծ

Քաղաքացիներն այսուհետ բազմաբնակարան շենքերում բնակարան ձեռք բերելիս կառուցման փուլում կունենան երաշխիքներ, որ կստանան այդ բնակարանը, որի համար ձեռք են բերել գնման իրավունք: Այս մասով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:  

Ըստ Պապոյանի՝ կառուցապատողը երբեմն քաղաքացու տված գումարին ավելի շուտ է հասանելիություն ունենում, քան կկառուցվի շենքը, և այդ մասով որոշակի ռիսկեր են առաջանում, ուստի ոլորտում փոփոխություններ անելու անհրաժեշտություն էր առաջացել:

«Եկել ենք հետևյալ լուծման. այսօր այս ոլորտում առկա կարգավորումներում մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը ոչինչ չենք փոխում. անկախ նրանից՝ նախկինո՞ւմ ստացված շինթույլտվություն է, հիմա՞ գործող շինթույլտվություն է, ոչինչ չենք փոխում:

2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ 2024-ի դեկտեմբերի 31-ը, կարգավորումը հետևյալն է. կարող է կառուցապատողը ստանալ մինչև առավելագույնը 70 տոկոսին հասանելիություն, դա իրենք իրար մեջ՝ քաղաքացին, բանկը, կառուցապատողը, կորոշեն՝ քանի՞ տոկոսն է, բայց առավելագույնը 70 տոկոսին հասանելիություն, 30-ը մնում է այնտեղ՝ որպես երաշխիք բնակարանի ձեռքբերման:

Իսկ 2025-ի հունվարի 1-ից կարգավորումը հետևյալն է. անկախ նրանից՝ կառուցման որ փուլում է գտնվում բնակարանը, մինչև 50 տոկոսին հասանելիություն ունի կառուցապատողը, 50-ից հետո՝ ըստ կատարողականի: Այսինքն՝ ուզո՞ւմ է լրացուցիչ 10 տոկոս գումար ստանալ, պետք է բերի 60 տոկոսի կատարողական, ևս 10 տոկոս՝ 70 տոկոսի կատարողական, և այսպես մինչև 95 տոկոս:

Վերջին 5 տոկոսը ստանալու է 1 տարվա ընթացքում: Առաջի՞ն օրը կստանա, թե՞ 366-րդ օրը՝ կորոշեն իրար հետ կառուցապատողը և այնտեղ բնակարան գնած քաղաքացին: Օրինակ՝ քաղաքացին կարող է տեսնել, որ ամեն ինչ կարգին է, և առաջին օրը տալ համաձայնություն՝ այդ 5 տոկոսը ստանալու: Կարող է, օրինակ՝ որոշակի մտավախություններ ունենալ, ասենք, օրինակ՝ ասի՝ մի քանի ամիս ապրեմ, կամ ձմեռն անցնի, տեսնեմ՝ կտուրը հո չի՞ կաթում, կամ ձմեռն անցնի, տեսնեմ՝ կոյուղին հո չի՞ սառչում, նոր այդ 5 տոկոսի հնարավորություն կտա»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ մշակման արդյունքում ստացվել է ճկուն մեխանիզմ, որի հիմքում միջազգային փորձն է:

  • Կիսվել: