ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բավական զգայուն են խախտումները, չեմ կարող բացահայտել. Ինչ է կատարվում Քաղավիացիայի կոմիտեի շուրջ

Բավական զգայուն են խախտումները, չեմ կարող բացահայտել. Ինչ է կատարվում Քաղավիացիայի կոմիտեի շուրջ

ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում տարածված տեղեկությանը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիայից։

Պարոն Ճաղարյան, ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ լիցենզիայից զրկելու մասին է խոսքը։

Լիցենզիայից զրկելը ճիշտ արտահայտություն չէ։ Աշխարհում գոյություն ունի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ԻԿԱՕ)։ ԻԿԱՕ-ն ունի կարգավորումներ, ԻԿԱՕ-ի անդամ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր են կատարել ԻԿԱՕ-ի ստանդարտները՝ անվտանգության, օդանավերի պիտանելիության, վերահսկողության կարգավորման և այլն։ Ավիացիայի կարգավորման բոլոր ոլորտներում պարտավոր են կատարել այդ ստանդարտները, և խորհրդատվական պրակտիկա էլ կա։

Միջազգային հանրությունը լիցենզիա չի տալիս ոչ մի երկրի, այսինքն՝ ԻԿԱՕ-ն, Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը ոչ թե լիցենզիա են տալիս, այլ ուղղակի գնահատում են կատարվող աշխատանքի որակը, թե ինչպես են կատարվում միջազգային կարգավորումները, և տալիս են իրենց գնահատականը։

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել Հայաստանի վերաբերյալ։

Հայաստանն ունի խնդիր, Հայաստանի ավիացիոն իշխանությունները ունեն խնդիրներ։ Ես այս պահին իրավունք չունեմ բացելու խնդիրների ամբողջ ծավալը։ Ես երկրի ղեկավարին համապատասխան զեկույցը ներկայացրել եմ։ Թե ինչ կարվի հետագայում, դա արդեն երկրի ղեկավարի որոշումն է։

Հայաստանն իրականում ունի բազմաթիվ անհամապատասխանություններ, և այդ անհամապատասխանությունները կարգավորվելու կարիք ունեն։

Խախտումները լո՞ւրջ են, ինչ-որ պատժամիջոցնե՞ր են սպառնում Հայաստանի քաղավիացիայի ոլորտին։

Բավական զգայուն են խախտումները։ Կներեք, չեմ կարող բացահայտել, քանի որ դրա իրավունքը չունեմ, դրանք ծառայողական փաստաթղթեր են։ Ես իմ վերլուծությունը, պատճառները, կարգավորման եղանակները ներկայացրել եմ վարչապետին, որոշումը պետք է իրենք կայացնեն։

 

  • Կիսվել: