երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարձրաձայնել ենք իրավապահներին՝ շահառուները կեղծում են փաստաթղթեր եւ ներկայացնում ուռճացված ծախսեր. փոխնախարար

Բարձրաձայնել ենք իրավապահներին՝ շահառուները կեղծում են փաստաթղթեր եւ ներկայացնում ուռճացված ծախսեր. փոխնախարար

Իրավապահները էկոնոմիկայի նախարարությունում մնացել եմ մոտ 2 ժամ. Մանրամասներին տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ են տարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Հարցին՝ տեղյա՞կ է այն մրցութային գործընթացից, որի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել, Խոջոյանը պատասխանեց. «Այդ գործընթացից տեղյակ չեմ, քանի որ այն ինձ չի առնչվում»:

Ինչ վերաբերում է հնարավոր կոռուպցիոն երեւույթներին, փոխնախարարն ասաց. «Գյուղատնտեսության ոլորտում դեռ 2022 թվականին վարչության պետի կողմից բարձրաձայնվել են որոշ հարցեր եւ դրանք փոխանցվել են համապատասխան կառույցներին: Այնուհետեւ այդ հարցերի քանակի աճի որոշակի միտում ենք տեսել, եւ դրանք շարունակաբար ներկայացվել են իրավապահ մարմիններին, որոնց հաջորդել են տարբեր տեսակի գործողություններ: Այդ գործողությունների արդյունքում հարցաքննվել են եւ ֆերմերներ, որոնք ըստ մեր դիտարկման, միգուցե կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, եւ նաեւ աշխատակիցներ: Կարծում եմ՝ այդ հարցը այդ համատեքստում է դիտարկվել: Որքանով տեղյակ եմ, ինտենսիվ այգիներ ծրագրի շրջանակներում քննչական կոմիտեում կա վարույթ»,-ասաց նա:

Անդրադառնալով ինտենսիվ այգիների ծրագրին, փոխնախարարն ասաց. «Երբ ֆերմերները դիմումները ներկայացնում են, կա մոնիտորինգի առանձին խումբ, որը իրականացնում է տեղազննում, որ տվյալ պահին այգին գոյություն չունի, մարդը նոր պետք է  սկսի գործողություններ իրականացնել: Այդ փաստաթղթի հիման վրա մենք կնքում ենք պայմանագիր: Դրանք չեն համակարգվում մեկ մարդու կողմից, հատուկ առանձնացված են, որպեսզի մեկը մյուսին կարողանա վերահսկել: Այգին հիմնելուց հետո, երբ խոսքը վերաբերում է ծախսերի փոխհատուցմանը, մարդիկ ներկայացնում են իրենց փաստաթղթերը: Ներկայացնում են հաշիվ ապրանքագրեր, պայմանագրեր, տարբեր տեսակի ծախսեր հավաստող փաստաթղթեր են ներկայացվում: Մոնիտորինգը գնում, ուսումնասիրում է, թե արդյոք այգին կա, արդյոք ծառերի քանակը, կպչունակությունը, կաթիլային  ոռոգման տեխնոլոգիաները համապատասխանում են: Դրանից հետո նոր տալիս է եզրակացություն: Ծրագրերի իրականացման վարչությունը պարզապես համեմատում է, որ այդ ծախսերը իդենտիկ լինեն, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են:

Այն փաստաթղթերը, որոնք մենք փոխանցել ենք իրավապահ մարմիններին, մենք նկատել ենք, որ որոշ մարդիկ, շահառուները կեղծում են փաստաթղթերը եւ նախարարություն ներկայացնում են ուռճացված ծախսեր: Մենք կարծում ենք, որ իրավապահները պատշաճ ձեւով ուսումնասիրությունը կիրականացնեն եւ այն մարդիկ, որոնք մեղավորություն ունեն, կներգրավվեն գործի շրջանակներում»:

  • Կիսվել: