ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Բարձրացվել են կատարվող աշխատանքների որակի նկատմամբ պահանջները. ՀՀ փոխվարչապետ

Բարձրացվել են կատարվող աշխատանքների որակի նկատմամբ պահանջները. ՀՀ փոխվարչապետ

Կապիտալ բնույթի ծախսերի հաջորդ կարևոր ուղղությունը կրթության ոլորտում ծրագրերն են, որոնք իրենց սահմանմամբ «300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագիր» ենք անվանել: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

2021-2023 թթ. արդեն շահագործված է եղել նման 28 դպրոց, գույքով ապահովվել՝ 24 դպրոց և 29 մարզադահլիճ: 2023-ի տարեվերջի դրությամբ ընթացքի մեջ են եղել 45 դպրոցներում շարունակվող աշխատանքերը, որոնց կեսից ավելին շահագործման կհասնեն այս տարվա ընթացքում:

«Շարունակվել է նոր դպրոցների կառուցման ծառայությունների համար մրցույթի անցկացումը, որոնց կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ընթացքում կամ արդեն մասամբ մեկնարկել են»,- հայտնեց փոխվարչապետը:

Այս տարվա ընթացքում դպրոցների կառուցման աշխատանքներ կսկսվեն ավելի քան 80 բնակավայրերում, իսկ առնվազն 50 բնակավայրերում կիրականացվեն գործող դպրոցների նորոգման աշխատանքներ: 

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բարձրացվել են կատարվող աշխատանքների որակի նկատմամբ  պահանջները:

«Դրանք նաև 2024-ին իրականացվող կապիտալ ծախսային ուղղություններով ներկայացվող հիմնական պահանջը կարող ենք համարել: Կառավարության դիրքորոշումը հստակ է՝ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն պետական բյուջեով սահմանված զարգացման ուղղություններով կապիտալ բնույթի աշխատանքների կատարումը ժամանակին ապահովելու ուղղությամբ, սակայն դա չպետք է տեղի ունենա որակի հարցում թերացումների միջոցով»,- տեղեկացրեց փոխվարչապետը:

  • Կիսվել: