երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 20.4 տոկոսով. ԿԲ փոխնախագահ

Բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 20.4 տոկոսով. ԿԲ փոխնախագահ

Բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 4.7 տրիլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 797 մլրդ ՀՀ դրամով կամ 20.4 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

«Ավանդները (ցպահանջ և ժամկետային) կազմել են շուրջ 5.1 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 429.3 մլրդ դրամով կամ 9.2 տոկոսով: Այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը զարգանում է դինամիկ տեմպերով՝ նպաստելով ինչպես խնայողությունների ձևավորմանը, այնպես էլ վարկավորման միջոցով ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը»,- նշել է նա:

Անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին, ինչպես նաեւ հարցին, թե ի՞նչ կանխատեսում կա այս տարվա համար, նա պատասխանել է. «2023 թվականին, ըստ ԿԲ-ի գնահատումների, տարեկան կտրվածքով տնտեսական աճը կգտնվի 8 տոկոսից որոշակի բարձր մակարդակում, 2024 թվականին ևս սպասվում է բարձր աճ՝ 6 տոկոսի շրջանակներում:

Կարևոր է նաև դիտարկել տնտեսական աճի գործոնները. 2022 թվականին, ինչպես նշվեց, աճի հիմնական շարժիչ ուժը արտաքին բարձր պահանջարկն էր, իսկ անցած տարի էական դարձավ շինարարության ու ծառայությունների ոլորտում ներքին պահանջարկով սնվող աճը: Վերջինս ևս գնահատվում է, որ աստիճանաբար կթուլանա և 2024 թվականին ավելի կմոտենանք մեր երկարաժամկետ ներուժային աճի 5 տոկոս մակարդակին:

Բնականաբար, պետք է շեշտադրել, որ ՀՀ Կառավարության ողջ գործիքակազմը՝ կապիտալ ներդրումների իրականացումից մինչև մասնավոր ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու միջոցառումները, ուղղված են լինելու առաջիկա տարիներին ներուժային աճի ավելացմանը՝ ձգտելով Կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոս ցուցանիշին»:

  • Կիսվել: