կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում, Ոսկեպարում բնակելի տուն կառուցելու հիփոթեքային վարկերի դեպքում կտրվի 5 մլն հավելում

Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում, Ոսկեպարում բնակելի տուն կառուցելու հիփոթեքային վարկերի դեպքում կտրվի 5 մլն հավելում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց փոփոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների շրջանակը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրով արդեն իսկ հաստատվել է շուրջ 1100 շահառուի հայտ, որից 750-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։

Այս նախագծի հիմնական նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։

Մասնավորապես, սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը,ինչպես նաև առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը՝ այրին։

Միաժամանակ սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։

Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում։

Կարգավորվում են այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Շահառուների նոր շրջանակին վերաբերվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, հաշվի առնելով հանրային քննարկման արդյունքները (e-draft)։

  • Կիսվել: