շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բագարանում ջրամատակարարման ցանց է կառուցվում, Երվանդաշատում՝ ասֆալտապատում իրականացվում

Բագարանում ջրամատակարարման ցանց է կառուցվում, Երվանդաշատում՝ ասֆալտապատում իրականացվում

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ բնակավայրեր՝ ծանոթանալու 2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքներին:

Երվանդաշատում մարզպետին ներկայացվել է 30.5 մլն դրամ պայմանագրային արժեքով Ազատության և Սահմանապահների փողոցներում մեկնարկած ասֆալտապատման ծրագիրը՝ 2510 քմ մակերեսով և 40% պետության համաֆինանսավորմամբ: Միաժամանակ անդրադարձ է եղել բնակավայրում 2022 թվականի համար նախատեսվող մշակույթի տան տանիքին 25 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման սուբվենցիոն 2-րդ ծրագրին, որը գտնվում է պայմանագրի կնքման փուլում։

Այցի շրջանակում մարզպետը հանդիպում է ունեցել նաև երվանդաշատցիների հետ, ներկայացրել պետական, համայնքային և այլ միջոցներով բնակավայրում վերջին տարիներին իրականացված մեծածավալ ծրագրերը, խոսել 2023 թվականի համար սուբվենցիոն հայտով արդեն ներկայացված Սահմանապահների, Բերդակ և Խաչին Տակ փողոցների 1440 գծ.մ ասֆալտապատման ծրագրի մասին՝ այն իրագործելու հարցում կարևորելով բնակչության կողմից համայնքի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարումը:

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բագարան բնակավայր, որտեղ 151 մլն 344 հազար դրամ պայմանագրային արժեքով մեկնարկել են ջրամատակարարման ցանցի, ջրի կուտակման ավազանի և պոմպակայանի կառուցման աշխատանքները՝ 70% պետության համաֆինանսավորմամբ: Մարզպետին ներկայացվել է, որ բնակավայրը խորհրդային տարիներին՝ 1970-ական թվականներից մինչև 1989 թվականը, ունեցել է ջրամատակարարման ներքին ցանց, որը գործել է միայն համայնքի գլխավոր փողոցում և ժամանակի ընթացքում քայքայվել է, ենթարկվել կոռոզիայի։ Բնակիչները խմելու ջրի կարիքները տարիներ շարունակ հոգում են գյուղի մոտակա տարածքի բնական աղբյուրներից, որոնք 1 կմ և ավելի հեռավորության վրա են գտնվում: Իսկ կենցաղային կարիքների համար շուրջ 5 կմ երկարությամբ ջրատարով ջուրը վերցվում է Ախուրյան գետից, որն էլ իր հերթին սանիտարահիգիենիկ լուրջ խնդիրներ է առաջացնում։

 

Մեկնարկած ծրագրով նախատեսվում է կառուցել Բագարանի ջրամատակարարման ներքին ցանցը, ջրաչափական հանգույցները, վերանորոգել 150 տ ՕԿՋ-ն: Ծրագրի ավարտին Բագարանը կունենա 7440 գծմ երկարությամբ խմելու ջրագծերի գլխավոր մագիստրալներ, 10.3մx7մ ընդհանուր չափով ջրի կուտակման ավազան և ժամանակակից էներգախնայող պոմպակայան։ Ծրագրի ավարտին բնակավայրի 145 տնտեսության համար կապահովվի 24-ժամյա ջրամատակարարում։

Մարզպետը շնորհավորել է բագարանցիներին կենսական նշանակության հարցի լուծման կապակցությամբ՝ միաժամանակ ներկայացնելով արդեն 2023 թվականի համար բնակավայրում նախատեսվող երեք սուբվենցիոն ծրագրերը, այդ թվում՝ 1100 գծ.մ Գ. Մարզպետունի կենտրոնական փողոցի շարունակության ասֆալտապատում, 1759 քմ մակերեսով Գ.Մարզպետունի 6/3 հասցեի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում և 300 քմ մակերեսով Գ. Մարզպետունի 14 հասցեի նախկին կենցաղի տունը հանդիսությունների սրահի վերափոխում:

Ամփոփելով շրջայցը` Էդվարդ Հովհաննիսյանը համայնքային իշխանության պատասխանատուներին և շինարարական գործընթացում ներգրավված կողմերին հանձնարարել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ծրագրերի իրագործմանը՝ պահպանելով պայմանագրով սահմանված ժամկետներն ու որակական չափորոշիչները:

  • Կիսվել: