հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բացարձակ ռեկորդ ունենք. Փաշինյանը՝ աշխատատեղերի, միջին ամսական աշխատվարձերի մասին

Բացարձակ ռեկորդ ունենք. Փաշինյանը՝ աշխատատեղերի, միջին ամսական աշխատվարձերի մասին

2022 թվականի մարտ ամսվա տվյալները պատմականորեն զիջում են միայն 2021 թվականի դեկտեմբերի տվյալներին, որը էլի բացարձակ ռեկորդ է եղել, իսկ դեկտեմբերը միշտ համարվում է  ամենաշատ աշխատատեղեր գրանցվող ամիսը: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ 2022 թվականի մարտ ամսվա բացարձակ ռեկորդ ունենք կրկին Հայաստանի ողջ պատմության համար:

Նա հայտնեց, որ, մարտ ամսվա տվյալներով, արձանագրվել է 654 784 վճարվող աշխատատեղ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 5,3 տոկոսով։ 2020 թվականը որպես ճգնաժամային տարի չեն էլ համեմատում, իսկ 2019 թվականի համեմատ ավելի են 12,1 տոկոսով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ աշխատատեղերը ավելի շատ են 22,4 տոկոսով: «Այսինքն՝ 2018 թվականից ի վեր մենք ունենք 120  660 նոր արձանագրված աշխատատեղեր»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան, մեթոդաբանության խնդիր կա, որ պարզորոշեն, թե այս աշխատատեղերից որոնք են նոր ստեղծված, որոնք են ստվերից դուրս եկած:

2022 թվականի մարտին՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է 243 607 դրամ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 32 202 դրամով կամ 15,5 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավելի է 59,730 դրամով կամ 32,4 տոկոսով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ ավելի է 69 530 դրամով կամ 39,9 տոկոսով: Փաշինյանի խոսքով, այս թվերը  բոլոր առումներով գերազանցում են գնաճի ցուցանիշները:

Անդրադառնալով եկամտահարկի համահավասարեցմանը՝ նա նշեց, որ թեև եկամտային հարկը նվազել է, բայց 2021 թվականին, 2018 թվականի համեմատ, 97 միլիարդ դրամով ավելի եկամտային հարկ են հավաքել: «2021 թվականին վերադարձրել ենք շուրջ 30 միլիարդ դրամից ավելի եկամտային հարկ, 2018 թվականին վերադարձվել է 5 միլիարդ դրամի եկամտային հարկ»- նշեց նա:

  • Կիսվել: