ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաց նամակ` ուղղված Արևելյան գործընկերության ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբին

Բաց նամակ` ուղղված Արևելյան գործընկերության ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբին

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԼԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խումբը բաց նամակով դիմել է ԱլԳ ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբի անդամ 6 երկրների բոլոր մասնակիցներին՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ Հայաստանի հետ միասին ԱլԳ ՔՀՖ-ն ներկայացնում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի գործընկերներ, հուսով ենք ուրախ տոներ անցկացրեցիք, շնորհավորում ենք, և ցանկանում հաջող, խաղաղ ու արդյունավետ տարի:

Տոնական տրամադրությունները մի կողմ թողնելով, ստիպված ենք անդրադառնալ խնդիրների, որոնք մեծ հույս ունենք, որ կմնան 2022-ում և չեն արտացոլվի հաջորդ տարում ևս:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն 28-րդ օրն է, ինչ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց կոչում են «բնապահպան ակտիվիստ», փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը Արցախը/Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Այն Լեռնային Ղարաբաղի հայերի համար կենսականորեն կարևոր միակ կապն է, քանի որ Քելբաջարով անցնող այլընտրանքային ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո արգելափակվել է ադրբեջանական զորքերի կողմից, իսկ մինչ այդ Ադրբեջանը փակել էր օդային հաղորդակցությունը:

Ավելի քան 120.000 մարդ, այդ թվում ծերեր, կանայք ու երեխաներ, զրկվել են կենսական կարևոր միջոցներից, առողջապահության հասանելիությունից, իրենց ծնողների ու երեխաների հետ լինելու հնարավորությունից, և այս ամենն իրականացվում է բնապահպանական կեղծ օրակարգով: 

ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահները 2022 թվականի դեկտեմբերի 23-ին անդրադարձել են իրավիճակին՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից անհապաղ բացել Լաչինի միջանցքը և զերծ մնալ ապագայում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցության գործունեությունը խաթարելուն ուղղված գործողություններից, որոնք կարող են հումանիտար աղետ առաջացնել։

Ինչո՞ւ կեղծ օրակարգով, պարզաբանենք:

Անցած օրերի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, ինչպես նաև «ակտիվիստների» գործունեությունն ակնհայտ դարձրեցին, որ Ալիևի վարչակարգի նախաձեռնած այսպես կոչված «էկոլոգիական ակցիան» որևէ առնչություն չունի էկոլոգիական խնդիրների հետ։

Էկոակտիվիստներն ամբողջ աշխարհում պայքարում են հանուն բնական իրավունքների, համընդհանուր բարօրության, սակայն նրանք դա և ոչ մի երկրում չեն անում առաջացնելով սոցիալական ճգնաժամ, հակառակը՝ պայքարում են հանուն քաղաքացիական և սոցիալական արդարության:

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների բնապահպան չլինելն ապացույցների կարիք չունի: Իսկական բնապահպանները քաղաքական կարգախոսներով հանդես չեն գալիս և պահանջում են փակել հանքերը, ներդնել մաքուր տեխնոլոգիաներ, բարելավել օրենսդրությունն ու վերահսկողական մեխանիզմները, ոչ թե հանքերը հանձնել դրանք այլոց շահագործմանը:

Իսկական բնապահպանները կենդանիների մորթուց մուշտակներ չեն հագնում և աղավնիններին չեն խեղդում իրենց ձեռքում:

Իսկական բնապահպանները քաղաքական կոչեր չեն անում և «Գորշ գայլերի» տարբերանշաններ ցույց չեն տալիս, որը տեռորիզմի ու ագրեսիայի նշան է, ավելին՝ շատ երկրներում արգելված է:

Բնապահպանական ակտիվիզմն, ինչպես գիտեք, սերտորեն կապված է մարդու իրավունքների հետ: Իսկ Ադրբեջանում այս առումով մեծ խնդիր կա, բազում են օրինակները, երբ իրավունքների պաշտպաններին ճնշումների են ենթարկել, և նրանք ստիպված լքել են երկիրը:

Անգամ Պրահայում տեղի ունեցած տարեկան համաժողովին Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնեցին, որ երկրում չկա իրական քաղհասարակություն:

Հաշվի առնելով, որ 3-րդ խմբի օրակարգում առողջ շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, էներգետիկայի ու տրանսպորտի հարցերն են, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում խնդրի առթիվ, քանզի Ադրբեջանի կեղծ բնապահպանական օրակարգը ստվերում է բնապահպանական ակտիվիզմն առհասարակ և ևս մեկ անգամ փաստում, որ Ադրբեջանի «քաղհասարակությունը» առաջ է տանում դիկտատոր Ալիևի քաղաքական թեզերը:

Ակնկալում ենք ձեր շուտափույթ և համարժեք արձագանքը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խումբ»:

  • Կիսվել: