ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը » խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Փաթեթով, ըստ էության, սպառողական կրեդիտավորման համար սահմանվում են նոր պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով:

Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր։

Նախագծով սահմանվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:

Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում առաջարկվում են կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով: Այսպիսով, ԿԲ-ն կսահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց 113 «կողմ» ձաներով։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքույանի ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը:

Նախագծին կողմ քվեարկեց 111 պատգամավոր, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։

  • Կիսվել: