շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ԱԺ-ն կքննի Օվիեդոյի կոնվենցիան․ ինչ է այն

ԱԺ-ն կքննի Օվիեդոյի կոնվենցիան․ ինչ է այն

Ազգային ժողովում այսօր ժամը 11։30 ՀՀ Առողջապահության փոխնախարարի զեկուցմամբ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը։

Համաձայն նախագծի՝ «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) ստորագրման համար բացվել է 1997 թ. ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել  1999 թ. դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2024 թ. մայիսի 16-ին:

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Օվիեդոյի կոնվենցիան միակ  իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում եւ՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, եւ՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Օվիեդոյի կոնվենցիան հիմք է հանդիսանում կենսաբժշկական էթիկայի իրավական կարգավորման համար։ Ահա նրա հիմնական սկզբունքները.

  1. Մարդու արժանապատվության առաջնահերթություն – Գիտության և բժշկության բոլոր կիրառությունները պետք է ենթարկվեն մարդու իրավունքներին և արժանապատվությանը։

  2. Ինֆորմացված համաձայնություն – Բուժման կամ բժշկական միջամտության համար անհրաժեշտ է անձի հստակ և տեղեկացված համաձայնությունը։

  3. Գենետիկ միջամտությունների սահմանափակում – Թույլատրվում է միջամտել մարդու գենոմին միայն բուժական նպատակներով, ոչ թե սերնդափոխության վրա ազդեցություն ունենալու համար։

  4. Հետևողականություն և նախազգուշություն գիտության մեջ – Պետք է ապահովել, որ գիտական առաջընթացը չվնասի մարդու բարօրությանը։

5․ Հատուկ պաշտպանություն անչափահասների և անընդունակ անձանց համար։

Նախագծում հիշեցում է տրված նաև կառավարության կողմից ստեղծված էթիկայի կոմիտեին․

«Եվրոպայի խորհուրդը մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Կոնվենցիային միանալու ջանքերում, մասնավորապես՝ 2022թ. ՀՀ-ում ստեղծվել է Բժշկական էթիկայի կոմիտե, առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները՝ նպատակաուղղված կենսաբժշկության ոլորտի իրավական նորմերը եւ իրավական պրակտիկան մարդու իրավունքների եւ էթիկայի եվրոպական չափանիշներին ավելի մոտեցնելու, ինչպես նաեւ իրավաբանների, առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում համապատասխան կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացմանը»:

Հարկ է նշել, որ Բժշկական էթիկայի կոմիտե աշխատանքը նախորդ տարվա ընթացքում ամփոփվել է մի քանի վարույթ ընդունելով։

  • Կիսվել: