երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ հանձնաժողովը քննարկել է եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը

ԱԺ հանձնաժողովը քննարկել է եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում: Այն մշակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների համար կիրառվող մոդելային տարբերակի սկզբունքների համաձայն:

Համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումն ու դրանով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը երկու երկրների ներդրողների և տնտեսական գործունեության վրա:

Ըստ փոխնախարարի՝ դա հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար:

Փաստաթղթով առաջարկվում է գործընկեր երկրի անհատների և տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսել ազգային օրենսդրությամբ սահմանված հարկման պայմաններից ավելի նպաստավոր պայմաններ և ավելի նվազ դրույքաչափեր:

  • Կիսվել: