կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱԺ արտահերթն ավարտվեց. գյուղոլորտի տնտեսվարողների համար հարկային միջավայրի ձևավորման մասին նախագիծն ընդունվեց

ԱԺ արտահերթն ավարտվեց. գյուղոլորտի տնտեսվարողների համար հարկային միջավայրի ձևավորման մասին նախագիծն ընդունվեց

Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով 3 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ու երկրորդ ընթերցումներ անցնելուց հետո ընդունվեց ամբողջությամբ:  

Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների համար ավելի նպաստավոր հարկային միջավայր ձևավորել: Այս նախագիծը քննարկվեց հատուկ ընթացակարգով: Երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացվեց այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Նախագծերից 3-րդն էլ վերաբերում էր Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ՕՊԵԿ-ից ներգրավել 50 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ:

  • Կիսվել: