շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը առաջարկում է ավտոկայանատեղիների վճարները թանկացնելուց առաջ քաղաքացուն այլընտրանք ներկայացնել

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը առաջարկում է ավտոկայանատեղիների վճարները թանկացնելուց առաջ քաղաքացուն այլընտրանք ներկայացնել

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը բոյկոտում է ավագանու նիստի օրակարգում ընդգրկված տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի։

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ  իրենք ցանկանում  են, որպեսզի ավտոկայանատեղիների վճարները թանկացնելուց առաջ քաղաքացիներին այլընտրանքներ ներկայացվեն, որպեսզի վերջիններս հասկանան, թե ինչպես են տեղաշարժվելու Երևանի կենտրոնում կամ ինչպես են ծայրամասից քաղաքի կենտրոնում իրենց աշխատավայրեր հասնելու։

«Եթե դու չես առաջարկում այդ այլընտրանքը, դու չունես զարգացած տրանսպորտային համակարգ, դու այսօր ունես խնդիր նաև մետրոպոլիտենում, որը վերազինման կարիք ունի և աշխատում է իր ունեցած ռեսուրսի կեսով, եթե դու չես զարգացրել այլընտրանքային տրանսպորտային միջոցները՝ հեծանիվներ և այլն, ինչը արվել է այն քաղաքներում, որտեղ կենտրոնում շատ բարձր գներ են սահմանել ավտոկայանատեղիների համար, ինչպե՞ս ես նման որոշում կայացնում: Մենք այս քայլերը  չենք անում և միանգամից թանկացնում ենք գները»,-ասաց նա:

Նա ընդգծեց՝ սկզբից պետք է արվեն այն քայլերը, որոնք կապահովեն քաղաքացիների հարմարավետությունը և տեղաշարժը, հետո նոր վճարները բարձրացվեն:

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի մեկնարկին «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը վերաբերվող նախագիծը, սակայն քաղաքապետը մերժեց այդ առաջարկը։

  • Կիսվել: