ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս տարվա առաջին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Փաշինյան

Այս տարվա առաջին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Փաշինյան

2019-ի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով:

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով, կամ 16,5 տոկոսով:

«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2018 թվականի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշներից ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018-ի համեմատությամբ, 2020-ի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝  բոլորն էլ գիտակցում են, որ կորոնավիրուսով առաջացած ճգնաժամի հետևանքով դեռ անորոշություններ շատ կան։

«Ակնհայտ է, որ մենք այդ տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019-ի և 2020-ի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել է նոր իրավիճակ և ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանանք նույնքան արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնել»,- ընդգեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այս ճգնաժամը ոչ թե պետք է հարկային կարգապահությունը նվազեցնելու առիթ դառնա, այլ ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա։

«Եվ ուզում եմ անդրադառնալ այն, այսպես ասած, շրջիկ խոսակցությանը, որ կա՝ թե մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում ու հավաքում: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարկերը գոյանում են դրամաշրջանառության, եկամուտների և շահույթների առկայության պարագայում։ Այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ չունեն։ Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց ընդհանուր առմամբ նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում։ Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, այլ ընդհակառակը, պետք է ուժեղանա։ Առավել ևս այս ճգնաժամային պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: