կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս տարի տնտեսական աճը դանդաղելու է. ԿԲ փոխնախագահ

Այս տարի տնտեսական աճը դանդաղելու է. ԿԲ փոխնախագահ

2024-ին ունենալու ենք տնտեսական աճի որոշակի դանդաղում, շուրջ վեց տոկոս տնտեսական աճ ենք սպասում: Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց այդ 6 տոկոսը շատ բարձր տնտեսական աճ է, եթե հաշվի առնենք, որ 2022-ին ունեցել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023-ին կունենանք շուրջ 8 տոկոս տնտեսական աճ: 6 տոկոս տնտեսական աճը այդպիսի բարձր բազաների վրա էլ ավելի տպավորիչ թիվ է»:

Խոսելով գնաճի մասին՝ նա ասել է, որ իրենք կանխատեսում են, որ գնաճն աստիճանաբար կվերադառնա իր թիրախին:

«Շուրջ 3,1 տոկոս գնաճ ենք սպասում 2024-ի վերջին, իսկ արդեն 2025-ին մոտ կլինենք 4 տոկոս թիրախին:

Սցենարների երկու հիմնական ուղղություններ կան. առաջին սցենարն այն է, որ գնաճային միջավայրը մեղմ կմնա, եւ դա պայմանավորված կլինի նրանով, որ մեզ մոտ աշխատուժի շուկայում կլինեն ճնշումների թուլացումներ: Դուք գիտեք, որ մենք Հնդկաստանից ներհոսք ունենք, Լեռնային Ղարաբաղից ունենք բռնի տեղահանվածներ, որոնք պետք է Հայաստանի աշխատանքի շուկայում ինտեգրվեն: Դա, ըստ էության, աշխատավարձի վրա կազդի, մեր տնտեսության ներուժի վրա դրական ազդեցություն կունենա: Այս պարագայում կունենանք շատ ավել ցածր գնաճային սցենար, եւ բարձր տնտեսական աճ:

Բայց կա նաեւ այլ սցենար, ըստ որի, գնաճային սպասումները որոշակի չափով կպահպանվեն, որովհետեւ մենք ունենք 10 տոկոսից ավելի աշխատավարձերի աճ, որը բարձր է, մյուս կողմից բարձր գնաճ ունենք ծառայությունների ոլորտում:

Երբ մենք վերջին գնաճային սպասումների հարցումները նայում ենք, իսկապես երեւում է, որ երկու սցենարն էլ տեղ ունեն, որովհետեւ անորոշություններն են ավելացել: Մարդկանց կշիռը, որ սպասում է բարձր գնաճ, եւ մարդկանց կշիռը, որ սպասում է ցածր գնաճ, երկուսն էլ նվազել են, բայց անորոշությունները մեծացել են: Քանի որ մենք տոկոսադրույքները նվազեցրել ենք, մենք գնաճային սցենարները համարում ենք ավելի քիչ հավանական այս պահում»,-նշել է Նուրբեկյանը:

Ըստ նրա՝ գնաճը նվազեցնելու ճանապարհը ժամանակին արձագանքելն է. «Երբ գնաճը դեռեւս մեր թիրախից ցածր էր, մենք արագ արձագանքեցինք, որովհետեւ սպասում էինք, որ գնաճը բարձրանալու է: Դա մեզ թույլ տվեց շուտ սկսել իջեցնելը: Սա շատ կարեւոր է, որովհետեւ նշանակում է՝ մենք գների կայունությունն ապահովել ենք առանց տնտեսական աճը տուգանելու: Դրա ամենալավ ապացույցը տնտեսական աճի ցուցանիշն է»:

 

  • Կիսվել: