չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Այս պահին ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր. Ծովինար Վարդանյան

Այս պահին ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր. Ծովինար Վարդանյան

Պարո՛ն Թունյան, դուք անընդհատ, և շատերդ խոսում եք՝ իբր Եկեղեցին (Հայ Առաքելական Եկեղեցի - խմբ.) չի հարկվում: Եկեղեցին հարկվում է: Ուրիշ բան, որ մենք ունենք առանձին բացառություններ Եկեղեցու մասով՝ Մայր Աթոռին հանձնված մշակութային, կրոնական արժեքների, ժառանգության, անշարժ գույքից և հարկերից ազատման մասով: Բա ի՞նչ անենք, էդ էլ հարկե՞նք: Մեկ էլ ծիսական պարագաների հարցն է: Եկամտահարկով էլ են հարկվում մարդիկ, ներմուծումներով էլ, եթե դրանք ծիսական պարագաներ չեն: Այս մասին  Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
 
«Ես չեմ ասել՝ չի հարկվում»,- հակադարձեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
 
Մինասյանի խոսքով՝ եթե հնչում են առանձին հայտարարություններ, պետք չէ դրանք վերագրել պաշտոնական տեսակետին:
 
«Դա սխալ մոտեցում է»,- նշեց Մինասյանը:
 
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունների՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը խնդրեց իրեն արձագանքելու հնարավորություն տալ:
 
Վարդանյանը տեղեկացրեց՝ թեև դեռ շրջանառության մեջ չկա Եկեղեցուն հարկելու վերաբերյալ որևէ նախագիծ, սակայն ինքն ու իր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ:
 
«Նախ՝ եկեք հասկանանք, թե ինչ ենք հասկանում Եկեղեցի ասելով: Եկեղեցու հոգևոր ծառայողները գուցե վճարում են եկամտահարկ, և դա նորմալ է, ինչ վերաբերում է գույքերին, այս պահին մենք ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր: Խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական տարածքների, տարբեր արտադրական տարածքների, տների: Սրանք ուսումնասիրվում են, և կգա ժամանակ, որ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը, և կունենանք նախագիծ: Խնդրում եմ՝ երբ խոսում եք հարկվել-չհարկվելու մասին, առանձին հարկատեսակների մասին խոսել»,- պարզաբանեց Վարդանյանը: 
 
Դիմելով Արծվիկ Մինասյանին՝ պատգամավորը ասաց՝ իր գործընկերը շատ լավ գիտի, որ հազարավոր գույքեր չեն հարկվում:

  • Կիսվել: