ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այլ երկրներից ձուկ ներմուծելը, ապա այն որպես հայկական արտահանելը հակաօրինական է․ քննարկում ՍԱՏՄ-ում

Այլ երկրներից ձուկ ներմուծելը, ապա այն որպես հայկական արտահանելը հակաօրինական է․ քննարկում ՍԱՏՄ-ում

Ձկնաբուծության և հատկապես ձկան ներմուծման ու արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է ձկան արտահանման, մասնավորապես՝ այլ երկրներից ձուկ ներմուծելու և ապա այն որպես հայկական արտահանելու հետ կապված խնդրի մասին՝ նշելով, որ այդ գործելաոճը հակաօրինական է:

Նա շեշտել է, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, և Տեսչական մարմինը հսկայական ջանքեր է ներդրում Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով, իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանմանը՝ աջակցում իր գործառույթների շրջանակում նախատեսված բոլոր միջոցներով։

«Գործընկեր երկրներում մեր երկրի և սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի նկատմամբ մեծ վստահություն կա, և ձեր գործունեության նպատակը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը արտադրանքի անվտանգության վերաբերյալ, ինչը կամրապնդի վստահությունը»,- ասել է նա:

Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները խոսել են արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտություն կամ աջակցություն:

  • Կիսվել: