կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Այդօրինակ հարցերում շտապելու կարիք չկա. ադրբեջանցի փորձագետը՝ Հայաստանից Ադրբեջան ապրանք ներկրելու մասին

Այդօրինակ հարցերում շտապելու կարիք չկա. ադրբեջանցի փորձագետը՝ Հայաստանից Ադրբեջան ապրանք ներկրելու մասին

Այդօրինակ հարցերում շտապելու կարիք չկա։ Հայաստանից Ադրբեջան ապրանք ներմուծելու հավանականության վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։

«Այսօր Ադրբեջանից ապրանք է ներկրվում Հայասան եւ աշխատանք է տարվում հասկանալու համար, թե ինչը տնտեսապես արդարացված եւ նպաատակահարմար կլինի գնել Հայաստանից։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապրանքին, այդ թվում կոնյակին, դրա համար որոշ ժամանակ է պետք, այնպես ձեւակերպել բիզնեսը, որ հնարավորինս զգայուն տարրերը նվազ լինեն, անվան հետ կապված եւ այլն»,– Հայաստանում լրագրողների հետ զրույցում ասել է ադրբեջանցի փորձագետը։

Անդրադառնալով Հայաստանում կայացած քննարկումներին, Մամեդովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և կազմակերպիչներին՝ բարձր մակարդակի կազմակերպման համար. «Մենք որոշել ենք այս անգամ ավելի շատ ներկայացուցիչներ հրավիրել քաղաքացիական հասարակությունից։ Մեր գործողությունը համընթաց երկու ուղղություններով է ընթանում։ Նախ՝ աշխատանք հասարակությունների հետ՝ ադրբեջանական խումբն աշխատում է ադրբեջանական հասարակության հետ, հայկական խումբը՝ Հայաստանում։ Երկրորդ ուղղությունը համատեղ նախագծերի իրականացումն է։ Մենք որոշակի գաղափարներ ունենք ապագայի համար։ Անկեղծ երկխոսություն հաստատեցինք, որի համար ստեղծվել է համապատասխան միջավայր և մթնոլորտ»։

Իր հերթին, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը նշել է, որ երրորդ համաժողովն էականորեն ավելի մեծ էր, քան նախորդ երկուսը, որին բացի նախաձեռնության բուն անդամներից, մասնակցել են նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, լրագրողական համայնքի մի խումբ մասնակիցներ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է եկել Ոսկեպարով։

  • Կիսվել: