երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այդ պահին լուծարված ընկերություն չի եղել. նախարարը` ՏՏ ոլորտի աղմկահարույց դեպքի մասին

Այդ պահին լուծարված ընկերություն չի եղել. նախարարը` ՏՏ ոլորտի աղմկահարույց դեպքի մասին

Դիմումների ներկայացման պահին լուծարված ընկերություն չի եղել։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով ՏՏ ոլորտի հետ կապված աղմկահարույց պատմությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022 թ. դեկտեմբերի 1–ի որոշմամբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին տրամադրել է 10 մլրդ դրամի պետական աջակցություն։ «Հետքն» ուսումնասիրել է դրամաշնորհի արդյունավետությունն ու պարզել, որ պետական աջակցություն ստացած 18 ընկերություններից 14–ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, 4–ը լուծարման գործընթացում են։

«Պատճառն այդ ընկերությունների խնդիրների մեղմումն էր, որ իրենք ունեցել են ժամանակին։ Պետական աջակցության չափանիշերը եղել է այդ ընկերությունների` հունիս–հոկտեմբեր գործունեության ընթացքում կրած դժվարությունների մեղմումը։ Աջակցության տրամադրման առաջին իսկ օրվանից բոլոր ընկերությունների ցանկն ու ընտրության չափորոշիչները նշված են եղել»,– վստահեցրեց նախարարը։
Խաչատրյանը բնական գործընթաց համարեց այն, որ ՏՏ ընկերությունը ինչ–որ մի պահի կարող է լուծարվել կամ ժամանակավորապես դադարեցվել։
«Դա տվյալ ընկերության որոշումն է։ Ժամանակավոր դադարեցված ընկերությունները, որոնք պետությունից արդեն իսկ գումարը վերցրել են, համարվում են գործող ընկերություններ։ Ժամանակավոր դադարեցում չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ լուծարման գործընթացի մեջ է գտնվում. բազմաթիվ ընկերություններ կան, որոնք գործունեության բնույթից ելնելով` ժամանակ առ ժամանակ դադարեցնում են գործունեությունը, հետո` վերսկսում»,– պարզաբանեց նախարարը։
 
Ըստ նրա` երբ նախարարությունը ՏՏ ընկերություններից դիմումները ստացել է, 4–6 ամիս անց է գումարը փոխանցել։ Իսկ այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե ոչ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի վերահսկում։
Հիշեցնենք, որ ըստ «Հետքի»` ՏՏ ընկերություններից որոշները մինչ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելն արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։
 

  • Կիսվել: